«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հայտնվել է անելանելի դրության մեջ: Նրա հովանավորը' Սյունիքի նախկին ՀՀԿ-ական մարզպետ Վահե Հակոբյանը, պաշտոնանկ արվեց: Ու հիմա երիտասարդ քաղաքապետը մնացել է առանց «տանիքի»: Այս օրերին նա ելքեր է փնտրում իր պաշտոնը պահելու համար, առավել եւս, երբ քաղաքապետարանում հնարավոր են ստուգումներ, քրեական գործ հարուցելու առիթ հանդիսացող փաստերի բացահայտում:

Սակայն, ըստ շրջանառվող լուրերի, Առուշանյանին հազիվ թե հաջողվի նոր «տանիք» գտնել, այնպես որ չի բացառվում' առաջիկայում լսենք նաեւ նրա հրաժարականի մասին: Բայց սա նրան չի խանգարում մեծացնելու իր ունեցվածքը: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի' 27-ամյա քաղաքապետն անցած տարում 19 մլն դրամով գնել է արտադրական նշանակության շինություն, ունի 251 մլն դրամ, 410 հազար դոլար, 115 հազար եվրո, եւ այս ամենը մոտ 277 հազար դրամ աշխատավարձով»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: