Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի մոտ 50 բժիշկների աշխատավարձը հուլիսի 1-ից կբարձրանա շուրջ 40 հազար դրամով։ Լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Եվ դա ընդամենը մեկ ամսվա աշխատանքի արդյունքն է»,-ասաց նախարարը: Արսեն Թորոսյանի խոսքով՝ այդ աշխատավարձերի բարձրացմանն ուղղվող միջոցները ռեսուրսների ճիշտ բաշխման արդյունքում են առաձնացվել, դա լրացուցիչ ծախս չի լինի բյուջեի տեսանկյունից:

 

«Միջոցների ճիշտ բաշխման արդյունքում կարողացել ենք չփոշիացնել գումարները և ուղղել աշխատավարձերի բարձրացմանը, որից ավելի կարևոր բան չկա: Առաջիկայում միջին օղակինն էլ կբարձրանա»,-վստահեցրեց նախարար Թորոսյանը: Իրականացված աշխատանքն էլ պաշտոնյան վերագրեց այդ կենտրոնի նոր տնօրենին: Ինչ վերաբերում է միջոցների փոշիացման հիմքով քրեական գործերի հարուցմանը, ապա Արսեն Թորոսյանը նկատեց, որ ներկայում իրականանում է ներքին աուդիտ, որից հետո, հիմքեր լինելու պարագայում, տեղեկատվություն կտրամադրվի դատախազությանը: