Արմավիրում շարունակվում են բողոքի ակցիաները:

Այս անգամ եղեգնուտցիներն են ընդվզել. պահանջում գյուղապետ Ռազմիկ Մարգարյանի հրաժարականը։

 

Վաղ առավոտից գյուղի տղամարդիկ դրսում են, ասում են՝ կանայք ու երեխաներն էլ կմիանային, բայց շոգ է։

Վանկարկում են՝ «Ռազմի՛կ, հեռացի′ր»։

Ակցիայի մասնակիցներից՝ Սևակ Հակոբյանը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ գյուղի մեծամասնությունն է կողմ, որ գյուղապետը հեռանա։

«Այս մարդն արդեն 32 տարի է՝ գյուղի տերն է. դեռ կոմունիստական ժամանակներից սովխոզի նախագահն էր։  Հանրապետական է, բայց դա մեր բողոքի հետ կապ չունի․ թող լիներ լավ գյուղապետ, գյուղի համար մտածեր, մենք էլ չէինք բողոքի։ Մտածում են՝ հանրապետական են, իրենց դեմը խաղ չկա․ հիմա էլ ուրիշ միջոցներ են ման գալիս իշխանությունում մնալու համար։ Այս տարիների ընթացքում ոչ մի լավ բան չենք տեսել այդ մարդուց։ Մենք չենք ընտրել նրան․ ամեն անգամ ինքն իր կոռումպացված միջոցներով, վախի մթնոլորտ ստեղծելով, հաղթել է։ Գյուղի ժողովրդին բաժանել է երկու մասի․ եղբայրը եղբոր հետ չի խոսում, թշնամություն է սերմանել  անգամ մանկապարտեզի երեխաների մեջ»,-պատմեց ակտիվիստը։

Իրավիճակն այլ կերպ է բնութագրում ինքը՝ երկարամյա համայնքապետը․ «Ես երկու օր առաջ հանդիպել եմ ակցիան հրահրողների հետ, խոսել ենք: Նրանք երկուսն էին. այն թեկնածուն, ով միշտ մրցակցել է ինձ հետ գյուղապետի պաշտոնի համար՝ Ռազմիկ Մկրտչյանն ու նրա բարեկամը։ Նրանք իմ դիմաց կոնկրետ պահանջ  դրեցին՝ «պետք է հրաժարական տաս, պետք է չաշխատես», երբ հարցրեցի «պատճառը ո՞րն է, վա՞տ գյուղապետ եմ եղել», ասացին՝ «ոչ»։ Ես իմ գյուղի համար շատ բան եմ արել. 11կմ երկարությամբ ոռոգման ցանց եմ կառուցել, գազաֆիկացում եմ անցկացրել գյուղում, 2004թ․-ին իմ կառուցած գազատարից ներկայում 4 գյուղ է սնվում: Սա մի չնչին մասն է, միշտ զբաղվում եմ մեր գյուղի շենացմամբ»։ 

 

Ռազմիկ Մարգարյանի կարծիքով՝ սա ընդամենը կուսակցական խաղ է և աթոռի կռիվ՝ ցույցը հրահրողների կողմից։ Գյուղապետը մեր թղթղակցին ասաց նաև, որ պատրաստվում է հանդիպել Արմավիրի մարզպետի հետ։

 

Լիլիթ Հակոբյան