Սևանա լճի հանրային լողափերի բացման կապակցությամբ 11-ից 3-ում ամառվա սեզոնին մատուցվելու են տարբեր անվճար ծառայություններ՝ փրկարար ծառայություն, մարզական և մանկական խաղահրապարակներ և այլն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրային լողափերի պատասխանատու Աշոտ Ավալյանը:

«Հուլիսի 1-ին կլինի Սևանա լճի հանրային լողափերի բացումը: Կառավարության որոշումով հաստատված այդ տարածքում կա 8 հանրային լողափ և 3 հանրային լողափ, որ առանձնացրել է Սևան ազգային պարկը: Ընդհանուր առմամբ կա 11 հանրային լողափ, որից 3-ում ծառայություններ են մատուցվում և բոլորն անվճար՝ ավտոկայանատեղի, բուժսպասարկում, փրկարար ծառայություն, սպորտային և մանկական խաղահրապարակներ, հանդերձարաններ, լողաթախտեր: Բացառություն է կազմում սննդի ծառայությունը»,- նշեց Ավալյանը:

Նրա խոսքով՝ հանրային լողափերի նշանակությունը շատ է սկսել հետաքրքրել նաև համայնքային իշխանություններին և, բացի 11 լողափերից, որոնք կառավարում են Բնապահպանության նախարարությունն ու «Սևան Ազգային պարկ»-ը, ավելացել է նաև մեկը:

«Մարտունու համայնքապետը կազմակերպել է, որպեսզի այնտեղ նույնպես լինի հանրային լողափ, և արդեն իսկ կա 2 հայտ, որ այլ համայնքներում նույնպես ցանկություն կա ստեղծելու անվճար լողափեր»,- ասաց Ավալյանը և հավելեց, որ գարնանը Բելառուսից սոճիներ են բերվել ու ծառատունկ է կազմակերպվել:

Աշոտ Ավալյանը շեշտեց, որ սոճիները տնկվել են ոչ միայն հանրային լողափերի տարածքում, այլև հարակից դաշտում, որպեսզի պատկերն ամբողջական լինի:

Նա ընդգծեց, որ 2017 թվականը բացառիկ լողաշրջան է եղել՝ կապված տևական ժամանակ պահպանված բարձր ջերմային ֆոնի հետ: Հանրային լողափերի պատասխանատուն շեշտեց, որ այդ ժամանակահատվածում մոտավորապես 200 հազար այցելու է եղել: