Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ՝ արված 1999 թվականին: Այն ժամանակ Սերժ Սարգսյանը ՀՀ Ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար էր ու դատարանում հանդես էր գալիս որպես պատասխանող. Բացի այդ Սարգսյանը նաև ներկայանում էր հակընդեմ հայցով՝ Ըստ հայցի, նա մեղադրում էր Նիկոլ Փաշինյանին հերյուրանք ու զրպարտություններ տպագրելու մեջ:
 
Իհարկե, տեսանյութը որով վարչապետը կիսվել է կարելի կլիներ համարել պարզապես Փաշինյանի ցանկություն՝ անդրադարձ կատարել ոչ վաղ անցյալի պատմական իրադարձությունների և ինչու ոչ նաև ընդգծել իր պայքարի ակունքները՝ ամրապնդելով հեղափոխականի իմիջը: Սակայն տեսանյութը հրապարակվում է Սերժ Սարգսյանի ընտանիքի՝ ապօրինի հարստանալու մեղադրանքների համատեքստում: Այն օրերին, երբ իրավապահները գործողություններ են իրականացնում Սերժ Սարգսյանի հայրական տանը՝ դրանով վերջնականապես սեղմելով օղակը նախկին վարչապետի շուրջ: Եթե մինչ այս կոռուպցիոն բացահայտումների գլխավոր հերոսները Սարգսյանի անմիջական շրջապատից էին, ապա այժմ նրա ընտանիքի անդամներն են: Եվ այս պարագայում Սերժ Սարգսյանին դատարանում հավերժացրած տեսանյութը իր մեջ անկասկած մեսիջ է պարունակում՝ 99-ին սկսած գործը այժմ կարող է տրամաբանական ավարտին հասցվել և դրա համար կան բոլոր հիմքերը և 19 տարի անց Սարգսյանին նորից կարող ենք տեսնել դատարանում, այս անգամ արդեն մեղադրյալի կարգավիճակում:
 
Ստելլա Խաչատրյան