Ինչպես տեղեկացրել ենք
, օրեր առաջ Արմավիրի Եղեգնուտ գյուղն ընդվզել էր գյուղապետ Ռազմիկ Գրիգորյանի դեմ:

Գյուղացիներն իրենց 34 տարվա ղեկավարին մեղադրում են ֆինանսական չարաշահումների, թալանի, ոչ ճիշտ կառավարման մեջ: Մինչդեռ, ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցին Ռազմիկ Գրիգորյանը պատմեց, որ իր դեմ բողոքը կազմակերպված է՝ հրահրողն էլ նախորդ ընտրություններում չընտրված  թեկնածու Ռազմիկ Մկրտչյանն է:

 

Բողոքի ակցիաներն այս օրեին շարունակվել են այլ սցենարներով. գյուղապետի կողմնակիցներն էլ իրենց հերթին են դուրս եկել փողոց՝ ի նշան աջակցության: Թեպետ մեզ հետ զրույցում  Ռազմիկ Գրիգորյանի հրաժարականը պահանջող ակտվիստներից Սևակ Հակոբյանը պատմեց, որ գյուղապետին աջակցելու էին եկել Էջմիածնից «մանվելականները», այլ գյուղերի բնակիչները, գյուղապետի ընկերները:

Այսօր՝ հունիսի 2-ին, գյուղապետի դեմ բողոքողները  դարձյալ դուրս են եկել փողոց:

«Ստում է, երբ ասում է, թե սա հրահրված պայքար է,  նման բան չկա, մենք ամբողջ գյուղով ցանկանում ենք ազատվել նրանից: Առաջվա թեկնածուի կողքին գուցե հավաքվել ենք, բայց դա չի նշանակում, թե մենք այլընտրանք ենք ման գալիս Ռազմիկ Գրիգորյանին: Այս պահին թեկնածու չունենք, այս պահի համար մեկ խնդիրը նրանից ազատվելն էն,- ցույցի վայրից ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցին պատմեց ակցիայի մասնակից Սևակ Հակոբյանը:

Գյուղացիները պնդում են, որ գյուղապետը, ով այս ընթացքում հասցրել է աշխատել բոլոր կառավարությունների հետ, այս տարիների ընթացքում ոչինչ չի արել գյուղի համար, թալանել է գյուղի միջոցները:

Մեկ այլ բնակիչ էլ ընդգծեց, որ Ռազմիկ Մարգարյանը անապահով ընտանիքներին հասանելի գումարը տվել է իր հարուստ բարեկամներին: Նա սկսեց թվարկել, թե ովքեր են որպես անապահով օգնություններ ստացել. «Որպես անապահով ընտանիք օգնություն են ստացել գյուղապետի եղբայրը, ով ունի Երեւանում բնակարան, գյուղում ունի տուն, երկու մեքենա, ու 30 հազար դրամ պակասում էր, որ գնի «Լեքսուս» մեքենա: Չհաշված այն, որ նա ունի բենզալցակայան,  ու նման մարդը նպաստ է ստացել: Դպրոցի տնօրենի հայրը, գյուղապետի քեռին, իր քարտուղարի մորաքույրը, գլխավոր հաշվապահի ամուսինն ու աղջիկը, գյուղի բուժքույրը, որը երկու տեղ է աշխատում: Նրանք բոլորը նպաստ են ստացել, կարող եք գնալ ու տեսնել նրանց բոլորի տները: Համայնքապետը Մոսկվայում բնակարան ունի, Երեւանում շինություններ ունի ու բոլորը գյուղացիների փողերով է առել»,-ընդգծեց գյուղացին:

 

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի առաջարկ-խնդրանքին, որով հորդորում էր վերջ տալ ցույցերին, գյուղացիներն այլ բան են մատնանշում. «Բացի դրանից, Պարոն Փաշինյանը դիմեց, որ ժողովուրդը կոռուպցիան բացահայտի, մենք էլ դրանով ենք զբաղվում, թալան ենք բացահայտում»:

Ցուցարարները համայնքապետարանի դիմաց շարունակում են բողոքը՝ կոչ անելով Արմավիրի մարզպետին՝ ուշադրություն դարձնել իրենց բողոքին: Վանկարկում են՝ «Ամո՛թ Ռազմիկին», «Ռազմիկ, հեռացի′ր»:

Հավելենք, որ գյուղապետն այս պահին մարզպետի մոտ է: