Կրքերը չեն հանդարտվում Երևանի թիվ 19 պոլիկլինիկայում: Ինչպես տեղեկացրել ենք, գինեկոլոգիայի բաժնի աշխատակիցները գործադուլ են հայտարարել: Նրանց պահանջը մեկն է՝ տնօրեն Սամվել Սարգսյանի հրաժարականը, ում մեղադրում են իրենցից «նալոգ» վերցնելու մեջ: Տնօրենն էլ նրանց այս քայլը որակում է սադրանք: Ըստ նրա, բողոքող բժիշկները թերանում են իրենց աշխատանքային պարտականությունների մեջ և նման քայլերով արհեստական խոչընդոտներ ստեղծում հիվանդանոցի բնականոն գործունեության համար:
Այսօր՝ հուլիսի 2-ին, հերթական ակցիայով պոլիկլինկայի բակում էին բժիշկները, ուր նրանց հետ հանդիպելու էին գնացել ԵԼՔ խմբակցության ավագանու անդամները: Վերջիներս բժիշկներին հորդորել են անցնել աշխատանքի: Մինչ այդ՝ նախորդ շաբաթ, ակտվիսիտ բուժաշխատողների հետ հանդիպել է քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամասար Բաբինյանը՝ խոստանալով զբաղվել խնդրով:
«Այստեղ են ԵԼՔ խմակցությունից Թեհմինա Վարդանյանն ու Դավիթ Խաժակյանը: Նրանք հորդորում են, որ մենք դադարեցնենք ակցիան և անցնենք աշխատանքի՝ մինչև ընթացք տրվի մեջ պահանջին: Պարոն Բաբինյանը մեզ խոստացել էր, որ ինչ-որ փոփոխություներ կլինեն, բայց հետո ասաց, որ իրավասու չէ, ուստի մենք կրկին դիմեցինք ԵԼՔ խմբակցության ավագանու անդամներին. պոլիկլինիկաները քաղաքապետարանի ենթակայության տակ են: Քանի որ կանանց կոնսուլտացիաներ ունենք, որոշել ենք շարունակել աշխատանքը, բայց, եթե խնդիրներ լինեն, պատրաստ ենք նորից դուրս գալ գործադուլի»,-ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցին պատմեց ակտիվիստ բժիշկներից մեկը: