Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով ծանուցագիր է ուղարկել Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության հրավիրելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հաստատեց նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
Նա հորդորեց իրեն չուղղել հարցը, թե արդյո՞ք ծանուցագիրը տեղ հասել է, թե՞ ոչ, նշեց՝ Քոչարյանը հարցաքննության հրավիրվել է որպես վկա։
«Ես չեմ կարող գաղտնազերծել մեր գործողությունների հաջորդականությունը, դա քննչական տակտիկա է»,- ասաց նա՝ անդրադառնալով հարցին՝ հնարավոր է Քոչարյանի նկատմամբ հետախուզում հայտարարվի:
Նրա խոսքով՝ հարցաքննության հրավիրվելու են բոլոր նրանք, ովքեր կարող են որևէ տվյալ հայտնել Մարտի 1-ի գործով. «Որևէ կաշկանդվածություն՝ կապված անունների հետ, զբաղեցրած պաշտոնների հետ չկա»,-նշեց Խաչատրյանը:
Հիշեցնենք՝ 2008 Մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Հայաստանի նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր: