«Փաստ» օրաթերթը գրում է.
Լրատվամիջոցների ու սոցցանցերի հայկական հարթակը «պայթեցրեցին» նախկին ՊՆ Միքայել Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու, հետախուզում հայտարարելու որոշման և Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելու մասին լուրերը: Ինչ խոսք, շատերի համար սպասված, շատ շատերի համար էլ անհավատալի թվացող լուրեր էին, սակայն, արտաքին սենսացիայից զատ, հետաքրքիր էր տեսնել այս իրողությունների քաղաքական ենթատեքստը:
Նախ, պետք է արձանագրենք, որ Հայաստանի անկախության պատմության երկու աննախադեպ ողբերգություն–ոճրագործությունները' հոկտեմբերի 27–ը և մարտի 1–ը, զուտ մարդկային ու հասարակական ողբերգություն լինելուց զատ, նախ և առաջ, իրողություններ էին,որոնց վրա կառուցվեցին, ինչպես շատերն ասում են, քոչարյանասերժական քաղաքական համակարգերը: Ըստ էության, Հայաստանի հետագա զարգացման ուղղությունը, որակն ու բնույթը որոշվեց ոչ թե հոկտեմբերի 27–ի սպանդով, այլ դրան հաջորդած քաղաքական զարգացումներով ու կոմպրոմիսներով: Մեծ հաշվով, որքան էլ կոպիտ կարող է հնչել, Վազգեն Սարգսյանի սպանության կոնտրիբուցիան (ռազմատուգանք) Հանրապետական կուսակցության համար դարձավ ներկայությունը իշխանության ամենավերին էշելոններում: Բացի սրանից, հենց հաջորդած անցուդարձերում ձևավորվեց քոչարյանական վարչակարգը՝ հիմնված ուժային մեթոդների, կիսաքրեական ու օլիգարխիկ տարրերի վրա: Ըստ էության նման տրամաբանության մեջ զարգացան իրադարձությունները նաև մարտի 1–ից հետո: Ներկայումս միամտություն կլինի կարծել, թե Սարգսյանը կամ սարգսյանական վարչակարգը հեշտությամբ մարսեց մարտիմեկյան իրադարձությունները: Սակայն այն փոքրիկ ու կուլիսային քայլերով ամեն ինչ արեց քոչարյանական համակարգից տարանջատվելու և մեծ հաշվով սահմանագիծ քաշելու համար: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանը, թեկուզ իրեն հատուկ ոչ հրապարակային և անուղղակի տեքստով, սակայն, այնուամենայնիվ, գրեթե հրաժարվեց մարտի 1–ի և ընդհանրապես քոչարյանական վարչակարգին հատուկ երևույթների պատասխանատվությունից:
Առկա իրավիճակում, սակայն, հարց է առաջանում, թե ինչ դիրքորոշում կորդեգրի ներկա վարչակարգը նախորդների քաղաքական գնահատականի հարցում: Քաղաքական գնահատական, քանի որ մարտի 1–ի բացահայտումը նախ և առաջ քաղաքական գնահատական է քոչարյանական վարչակարգին:
Այսօր հարցաքաննության են կանչվում, ձերբակալվում են տարբեր անձինք, բացահայտվում են չարաշահումներ և այլն, սակայն լայն հայացքի դեպքում, մենք այստեղ գործ ունենք մասնավոր անհատների և մասնավոր գործունեության հետ: Արդյո՞ք հենց այսքանով ամեն ինչ կսահմանափակվի' թեկուզ և շատ կարևոր բացահայտումներով, թե՞ այնուամենայնիվ, այս բոլոր երևույթներին միավորում է վարչակարգի տրամաբանությունն ու փիլիսոփայությունը, փիլիսոփայություն, որը պարզապես պարտադրում էր կոռուպցիան: Հենց այս ելակետն էլ պետք է դառնա քաղաքական գնահատականի հիմքը, քանի որ հակառակ դեպքում մենք գործ կունենանք կիսատ բացահայտման հետ. կիսատ այն պարզ պատճառով, որ ներկայումս արդեն հայտնի բացահայտումները ենթադրում են չափազանց լայն կոռուպցիոն շղթաներ, որոնց մասին հնարավոր չէր իշխանության վերին օղակների անտեղյակությունը, այսինքն՝ ներկա իշխանությունը պետք է հստակ հայեցակարգ ձևավորի, թե ինչ գնահատական է տալու նախորդներին: Իսկ բացահայտումները' թող շարունակվեն, դրանք միայն օգնում են:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում