ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ կատարած իր այցի ընթացքում հանդիպեց Սիսիանի հրապարակում հավաքված բնակիչների հետ, լսեց նրանց հարցերը և վստահեցրեց ընթացք տալ դրանց լուծմանը։ Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Պաշտոնյան նշեց, որ իրեն մեղավոր է զգում, որ քայլարշավի ժամանակ Սյունիքը չի ներառվել իր երթուղում, բայց դա ունի իր օբյեկտիվ հիմքերը․ «Եթե այստեղից սկսեինք, երևի հիմա նոր Երևան կհասնեինք»՝ կատակեց վարչապետը։ «Մեր այցի նպատակը ձեր առջև արձանագրելն, է որ ձեռք բերված հաղթանակը ձեզանից յուրաքանչյուրին է։ Մեր խնդիրն է, որ հաղթանակածի զգացողությունը պահպանվի ոչ թե մեկ ամիս, մեկ տարի, այլ մշտական լինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն անդրադարձավ բնակիչների բարձրացրած տարաբնույթ հարցերին, որոնք ինչպես անձնական, այնպես էլ հասարակական նշանակության էին։ Սիսիանի պատմության թանգարանի աշխատակից Աննա Ռուբենյանն իր մտահոգությունն արտահայտեց այն առնչությամբ, որ Բռնակոթ համայնքում կա երկու գետ, որոնցով աշխատեցնում են միայն հիդրոէլեկտրակայաններ, իսկ գյուղացու ամբողջ բերքը չորացել է։ «Խնդրում եմ այդ հարցին լուծում տալ։ Սիսիանում ևս կա այդ խնդիրը»,-ասաց Աննա Ռուբենյանը։ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նշեց, որ շատ հարցերի դեպքում ինքը բարձրացված խնդիրներն ընդունելու է որպես ի գիտություն, դրանք ուսումնասիրվելու են ու, եթե լինեն քաղաքացիների իրավունքների խախտումներ, դրանք շուտափույթ լուծում կստանան։
Դարպասի բնակիչ Սենիկ Միքայելյանն էլ հարց բարձրացրեց համայնքների խոշորացման վերաբերյալ՝ նշելով, որ առանց համայնքների ձայնը լսելու 32 գյուղ են միավորել մի համայնքում։ «Պարոն Փաշինյան, խնդրում եմ հարց տաք, թե ով էր համաձայն այդ գործընթացին ու համայնքների խոշորացման ծրագիրն ինչ արդյունքներ է արձանագրել ինն ամիսների ընթացքում։ Վարչապետ Փաշինյանը նկատեց, որ համայնքների խոշորացման գործընթացն իրոք վիճահարույց է, բայց ինքը ճիշտ չի համարում «նախկին որոշումները հետ ողորմեա անելը»։ «Ըստ էության մենք մի իրավիճակ ունենք, որ բազմաթիվ համայնքներ խոշորացվել են։ Մենք պետք է մի պահ դադար առնենք ու տեսնենք ինչ արդյունքներ են գրանցվել խոշորացված համայնքներում ու գրանցվում են արդյոք։ Մեր կառավարությունը պարտավորվում է առանց համայնքների համաձայնության որևէ խոշորացման գործընթաց ՀՀ-ում չանել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նկատեց, որ ինը ամիսը բավարար ժամանակ չէ հարցի նկատմամբ վերաբերմունք ցուցաբերելու համար, անհրաժեշտ է սպասել մեկ-երկու տարի։ Նրա խոսքով՝ հնարավոր է լինեն նաև համայքներ, որոնք կցանկանան խոշորանալ, իրենք ընդառաջ կգնան այդ ցանկությանը։ «Կան մասնագետներ, ովքեր պնդում են, որ համայնքների խոշորացումը դրական գործընթաց է ու պետք է գնալ այդ ճանապարհով։ Մենք նրանց ասում ենք՝ գնացեք մարդկանց հետ հաղորդակցվեք, նրանց փաստարկեր ներկայացրեք, բանավիճեք նրանց հետ։ Ես կարծում եմ՝ վատ որոշում է խոշորացնել համայնքները՝ առանց բնակիչների կարծիքը հաշվի առնելու»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով վթարային շենքերի խնդրին ու դրանցում բնակվողների պայմանները բարելավելուն՝ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց դրսում ապրող սիսիանցիներին գալ ու ներդրումներ կատարել հայրենի քաղաքում՝ շեշտելով, որ խոսքն օգնության մասին չէ։ Նա վստահեցրեց, որ ինքն անձամբ երաշխավորում է այդ ներդրումների պաշտպանությունը։ «Մենք հիմա աշխատում ենք մաքսիմալ նվազեցնելու հիպոթեքային վարկերի տոկոսները, որպեսզի մարզերում սկսեն սոցիալական նշանակության բնակարանաշինություն»,-տեղեկացրեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիք մեկնարկել է այսօր առավոտյան։ Նա կլինի Գորիսում, կայցելի Ագարակ, Մեղրի։