Այսօր ԱԺ-ում տեղի է ունեցավ ընտրական օրեսնգրքի շուրջ ձևավորված աշխատանքային խմբի հերթական նիստը։ Նիստը վարեց«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Մինչ այսօր իրենց առաջարկություններն էին ներկայացրել «ՀՅԴ», «ՀՀԿ» և «Ելք» խմբակցությունները։ Այսօր «Ծառուկյան» դաշինքն առաջարկություններով հանդես եկավ:
«Ծառուկյան» դաշինքից Սերգեյ Բագրատյանը առաջարկեց ՀՀ սահմանադրության և քաղաքացու շահերից բխելով անցնել 100 տոկոսանոց փակ ընտրակարգին, որը կնպաստի բազմակուսակցականությանը, ընտրությունները չեն անձնավորվի և կբարձրանա դրա նշանակությունը։
«Ընտրապայքարն ընթանում է ընտրություններին մասնակցող նույն կուսակցության ցուցակներում ընդգրկված թեկնածուների միջև, որտեղ գաղափարական մրցակցությունը մղվում է երկրորդ պլան: Արդյունքում՝ ընտրական համակարգն ամբողջությամբ ընտրությունը դարձնում է անհասկանալի: Նման համակարգը չի բխում ժողովրդավարական իշխանություն ձևավորելու սկզբունքից»,-ասաց Բագրատյանը:
ԲՀԿ ներկայացուցիչ Սերգեյ Սմբատյանն առաջարկեց նաև արգելել համատիրություններին՝ քարոզարշավների ընթացքում իրենց գրասենյակներն օգտագործել որպես որևէ կուսակցության կամ դաշինքի նախընտրական շտաբ։
«Նախորդ ընտրությունների ընթացքում համատիրությունները կազմակերպում էին քարոզչություն՝ ի նպաստ հանրապետական կուսակցության, որովհետև փաստացի գտնվում էին նրանց հսկողության ներքո»,- նշեց Բագրատյանը։
Առաջարկներից մյուսը վերաբերում էր քվեարկության ժամանակ իրենց ընտրական իրավունքն իրականացնելու հնարավորություն չունեցող անձանց օգնողներին։ ԲՀԿ-ն առաջարկում է թույլ չտալ, որ մեկ անձը օգնի մեկից ավելի ընտրողի։
«Ելք» խմբակցության անդամ Գրիգորի Դոխոյանը հարց ուղղեց Բագրատյանին, որ, եթե Լոռու մարզի թեկնածուն հրաժարվում է իր մանդատից, ում է փոխանցելու մանդատը։ Բագրատյանը պատասխանեց՝ հաշվի առնելով, որ Վանաձորից է, իրավունք ունի իր լիազորությունը փոխանցել մարզի մյուս թեկնածուին։
«ՀՀԿ» ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը մտահոգություն հայտնեց, որ մարզերի բնակչության մեծամասնության որոշելու հերթականության դեպքում կստացվի՝ մեծ մարզերից մտնում են խորհրդարան, իսկ փոքրերը մնում են:
«ՀՅԴ» ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նշեց, որ լավագույն տարբերակը «ՀՅԴ» առաջարկած տարբերակն է 100 տոկոս համամասնական բաց ցուցակներով։
«Դեմոկրատիան լավ չի, բայց դրանից լավ բան ոչ ոք չի հորինել, ժողովրդի ցանկության է որոշվում ԱԺ-ն, որի միջոցով էլ որոշվում է՝ որ կուսակցությունը և հատկապես ով ընդգրկվի ԱԺ»,-ասաց Ռուսատմյանը:
Հաջորդ նիստի ընթացքում ներկա կլինեն նաև վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի ներկայացուցիչները։