«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները շարունակում են իրենց ցույցը Մայր Աթոռի դիվանատանը՝ Կաթողիկոսի հրաժարականի պահանջով։ Նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանը ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասել էր, որ նրանց թույլ չեն տվել մտնել դիվանատուն և հոգևորականները բռնություն են կիրառել նրա նկատմամբ։

Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, լրագրողների հետ զրույցում, բռնություն գործադրելու վերաբերյալ ասաց. «Այդպիսի տեղեկություն չունեմ։ Հնարավոր է միայն, եթե դիմակայություն եղել է և անհրաժեշտ պաշտպանություն է ցուցաբերվել, որովհետև խանգարվել է դիվանատան և եկեղեցու բնականոն գործունեությունը»։ Նա նշեց, որ դադարեցրել են դիվանատան աշխատանքները և նկատեց, որ իրավապահները պետք է հետևություն անեն և թույլ չտան խաթարել եկեղեցու բնականոն աշխատանքը։

 

Սուրբ Գեղարդի մասունքին անդրադառնալով՝ Արշակ եպիսկոպոսը նշեց. «Եկեղեցիների շփման պրակտիկայում գոյություն ունի մասունքների փոխանակման փորձառություն: Մենք մասունքներ ունեցել ենք Գրիգոր Լուսավորչի շրջանից սկսած։ Ռուսական եկեղեցու պետի խնդրանքով՝ սուրբ Գեղարդից մի հատված փոխանցվել է ռուս քաղաքապետին»,-ասաց նա: Ըստ ցուցարարների՝ խոսքը Սանկտ Պետերբուրգի քաղաքապետ Գեորգի Պոլտավչենկոյի մասին է։