«Փաստ» օրաթերթը գրում է.
Հարկային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունների համաձայն՝ ավտոմեքենաներից շրջակա միջավայր արտանետվող վնասակար նյութերի համար գանձվող բնապահպանական հարկի դրույքաչափերը փոխվեցին՝ նվազեցին ընդհուպ մինչև երկու անգամ: Սակայն որոշ քաղաքացիներ իրենց դժգոհությունն են հայտնում առ այն, որ բանկերում իրենցից պահանջում են նախկին՝ ավելի բարձր դրույքաչափին համապատասխան հարկավճար:
Ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ օրենքը պաշտոնապես ուժի մեջ է մտել ընդամենը մեկ շաբաթ առաջ:
Մինչ այս օրենքի ընդունումը բնապահպանական հարկի դրույքաչափերի վերանայում իրականացվել է նաև տարեսկզբին՝ Հարկային օրենսգրքի հունվարի 1–ին ուժի մեջ մտած օրենքի համաձայն, որի ժամանակ փոքր–ինչ բարձրացվել էին դրույքաչափերը: Սակայն հաշվի առնելով հետագա քննարկումները և դրանց արդյունքում քաղաքացիների կողմից հնչեցված դժգոհությունները՝ օրենքը կրկին անգամ վերանայվեց, արդեն՝ ամռանը, և փորձ կատարվեց իջեցնել դրույքաչափերը 50 և ավել տոկոսով:
Սահմանվել է, որ դրույքաչափերը գործելու են 2018 թ. հունվարի 1–ից, այսինքն՝ հետադարձ ուժ ունեն և կիրառելի են բոլոր այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր մինչ օրենքի ընդունումը կատարել են վճարումներ: Ընդ որում, արտադրման թարմ տարեթիվ ունեցող մեքենաների համար՝ ավելի շատ են իջել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ մեքենաների կողմից շրջակա միջավայր արտանետումների ծավալները, անհամեմատ քիչ են, քան ավելի հին մեքենաներինը:
Նրանք, ովքեր մինչ հրամանի ընդունումն են վճարել, կարո՞ղ են դիմել բանկ կամ համապատասխան գերատեսչություն, որպեսզի իրենց կողմից վճարված ավել գումարը հետ վերադարձվի:
2018 թ. հունիսի վերջին իրականացված փոփոխությունների համաձայն՝ ավտոտրանսպորտային միջոցներից (բացառությամբ՝ բեռնատարների), այլ ինքնագնաց մեքենաներից և մեխանիզմներից, ինչպես նաև լողամիջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման' ըստ շարժիչի հզորության դրույքաչափերը հասցվել են նվազագույնի: Օրինակ՝ մինչև 50 ձիաուժ հզորություն ունեցող մեքենայի համար յուրաքանչյուր ձիաուժի համար վճարվում է 5 դրամ, 51-80-ի դեպքում՝ 10, 81-100-ի՝ 15, 101-150՝ 20, 151-200՝ 25, 201-250-՝ 30, 251- 300՝ 35 և 300 և ավելի ձիաուժ ունեցող մեքենայի համար՝ 50 դրամ, այսինքն՝ սկսած 15 հազար դրամից:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: