Վերջին շրջանում ՀՀ պետական պարտքը քննարկումների և մտահոգությունների առիթ է հանդիսանում։ Մեր անկախության շրջանում՝ բյուջեի պակասորդը ֆինանսավորելու և տնտեսության զարգացման նպատակով, տարիներ շարունակ Կառավարությունը վերցրել է վարկեր տարբեր միջազգային կառույցներից և պետություններից։ Սակայն պարտքի կտրուկ աճը տեղի է ունեցել 2008-2009 թվականների ճգնաժամին հաջորդած տարիներին։ Ոչ հեռավոր ապագայում երկրի արտաքին պարտքը մարելու ժամանակն է։ Նոր Հայաստանում փոփոխություններից հետո պայքար է սկսվել կոռուպցիայի և մենաշնորհների դեմ։ Թե ինչքանո՞վ դա կնպաստի արտաքին պարտքը մարելուն և ինչպիսին են պարտքը մարելու այսօրվա հնարավորությունները ԼՈւՐԵՐ.com-ը այս թեմաներով զրուցեց տնտեսագետ, ՀՊՏՀ «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների» կենտրոնի ղեկավար Ատոմ Մարգարյանի հետ։
-Պարո՛ն Մարգարյան, պետական պարտքի ինչպիսի՞ պատկեր ունենք: Վերջին շրջանում կոռուպցիոն պայքարի շնորհիվ պետական բյուջե գումարների ավեացումը ինչպե՞ս կանդրադառնա պետական պարտքը մարելու վրա:
-Հակակոռուպցիոն պայքարը հավելյալ հնարավորություններ է ստեղծում, դա միանշանակ է, բայց ուղղակիորեն կապել պետական պարտքը մարելու հնարավորությունների հետ՝ ճիշտ չէ։ Ընդհանուր առմամբ պետական պարտքը 2018 թվականի մայիսի վերջի դրությամբ կազմել է 6 մլրդ 754 մլն դոլար, արտաքին՝ 4մլրդ 898 մլն, ներքին 1 մլրդ 260 մլն դոլար։ Հատկանշական է, որ վերջին ամիսներին մենք տեսնում ենք արտաքին պարտքը ոչ միայն չի աճում այլ նաև նվազել է։ Սա պաշտոնական վիճակագրության տվյալներով է։ Սովորաբար պարտքը աճում է, երբ դու շատ ավելի մեծ չափով ես պարտք ներգրավում, քան սպասարկում։ Սա հիմնական սխեման է եղել, բայց այս տարվա 5 ամիսների կտրվածքով պարտքի ներգրավումը ավելի փոքր է եղել, քան սպասարկումը։ Այդ պատճառով հարաբերականորեն պարտքը որոշակիորեն նվազել է։ Եթե նայենք հարաբերակցային մասին՝ մայիսին պետական պարտքը 112 մլն դոլարով նվազել է։ Մեծ հաշվով լուրջ ռիսկեր պարտքը սպասարկելուց չկա։ Պետական պարտքի տոկոսները սպասարկելու տնտեսական հնարավորություններն ավելի վատը չեն, քան նախորդ տարիներին։
-Ի՞նչ եք կարծում, նոր Կառավարությունը պե՞տք է շարունակի նախորդի քաղաքականությունը և արտաքին պարտքն ավելացնի տնտեսությունը զարգացնելու համար:
-Արտաքին պարտքը ընդհանրապես սարսափելի չէ, եթե դու հնարավորություններ ունես այն սպասարկելու և խնդիրներ չստեղծելու տնտեսության մնացած հատվածների համար։ Բոլոր դեպքերում միջազգային ֆինանսական կազմակերպություններից էժան վարկային ռեսուրսների ներգարվումը, ցածր տոկոսներով կամ անտոկոս վարկերը ենթակառուցվածքների զարգացման մասով խնդիր չէ, եթե տնտեսության մեջ կա ներդրումային ակտիվություն։ Սցենարային առումով ցանկալի չէ, որ երկիրն ավելացնի արտաքին պարտքի բեռը, բայց եթե հնարավորություններն այդ պահին սահմանափակ են, և կան արտաքին աղբյուրներ' էժան, ցածր տոկոսով վարկերի, երկիրը գնում է այդպիսի քաղաքականության։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը, ըստ էության, նա իրականացնում է նախորդ կառավարության կողմից ներկայացված և հաստատված բյուջեն։ 2018 թվականի բյուջեն հաստատվել է անցյալ տարվա վերջին և այդ բյուջեն առաջանցիկ սցենարով կատարվում է։ Ընդհանուր տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձր է։ Պետական պարտքի ֆինասավորման հնարավորությունները՝ ներքին, թե' արտաքին, միանգամայն բավարար են։ Եթե նայենք առաջիկա տարիներին՝ ինչ հնարավորություններ կան, դա կախված է նրանից, թե ինչպիսին կլինի հաջորդ տարվա բյուջեն, բայց, այնուամենայնիվ, պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերում այդ հնարավորություններն ու ռեսուրսներն ուրվագծված և ներկայացված են։
-Արտաքին պարտքը մարելու ժամանակը մոտենում է՝ ինչպիսի՞նն է ՀՀ հնարավորությունները:
-Դժվար տարիները Հայաստանի արտաքին պարտքի սպասարկելու տեսանկյունից 2020 և 2025 թվականներն են, մասնավորապես՝ 2020-ին պետք է 800 մլն դոլարի վարկային միջոցներ կամ ռեսուրսներ վերադարձվեն, խոսքը վերաբերում է Հայաստանի արտարժութային պետական պարտատոմսերի մարմանը։ Հնարավորությունների առումով 2020 թվականը պիկային է։ Սովորաբար այն վարկերը, որոնք պետական բյուջեից բարձր ծախսեր են ենթադրում՝ վերաթողարկվում են, այսինքն դա մարվում է, և դրան համապատասան նոր կամ ավելի մեծ ծավալով խմբաքանակ է թողարկվում։ Հեղափոխության հետևանքով Հայաստանի միջազգային կշիռն ավելացել իսկ ռիսկերը նվազել են։ Եթե նայենք պարտատոմսերի եկամտաբերությունը ինչպիսի դինամիկա է ունեցել վերջին ամիսներին, կտեսնենք, որ հենց 2020 թվականին մարվելիք պարտատոմսերի եկամտաբերությունը մոտ 4 ու կես տոկոս է։ Սա նշանակում է' վստահելիությունը և գրավչությունը Հայաստանի պետական պարտատոմսերի նկատմամբ ավելացել է։ Հնարավորությունների առումով, թե ներքին և, թե արտաքին պարտքի այսօրվա բեռը միանգամայն տանելի է։ Ռիսկերը, որ կարող են այս ընթացքում տնտեսական աճի խնդիրներ ստեղծել, կապված են ռազմաքաղաքական իրավիճակի, ռազմական ծախսերի հնարավոր կտրուկ ավելացման և լարվածության մեծացման հետ։
Մեզ համար առաջնային է, թե ինչպիսինն է երկրի իմիջը վարկառուների, միջազգային ֆինանսական կառույցների, դոնոր երկրների, միջազգային պարտատերերի, Փարիզյան ակումբի անդամ երկրների մոտ։ Հայաստանը ընթանում է դեմոկրատացման ճանապարհով, ինչը կարող է էապես մեծացնել պարտքի վերակառուցման հնարավորությունները։ Չեմ կարծում, թե հարցը դրան կհասնի, բայց բոլոր դեպքերում Հայաստանի վարկանիշի բարձրացումը դոնորների, միջազգային վարկատուների մոտ էապես նվազեցնում է պարտքի հետ կապված ռիսկերը։
Արմինե Արմենակյան