«Կարեն Կարապետյանի լիազորությունները դադարեցված չեն, համենայնդեպս, այդպիսի իրավական ակտ չկա, քրեական գործ չկա հարուցված, բայց կատարվում է ծառայողական քննություն»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանայանը:
Նա նշեց, որ որոշակի գործողություններ են կատարվում, չճշտված տեղեկությունները ճշտելու նպատակով կատարվում է ծառայողական քննություն: Դավիթ Անանյանյանն այդպես էլ չնշեց, թե ինչի համար է քննություն կատարվում: Դիտարկմանը, թե Կարապետյանն իր մրցակիցներին դաշտից դուրս մղելու համար ապօրինի ստուգումներ է իրականացրել ընկերություններում, Անանյանը պատասխանեց.
«Ես չեմ կարող բացահայտել այն տեղեկատվությունը, որն այսօր քննության առարկա է: Կարեն Կարապետյանը օպերատիվ գծով բարձր պրոֆեսիոնալ է, բայց որոշակի վարքագիծ մենք դիտարկում ենք' արդյո՞ք որոշակի վարքագիծ տեղի է ունեցել, թե՝ ոչ:
Հնարավոր երեք ելք կարող է լինել. հերքվում է տեղեկատվությունը և Կարապետյանը շարունակում է իր պաշտոնավարությունը: Երկրորդ' տեղեկատվության մի մասն է ճշտվում մի մասն է հերքվում, այստեղ գնահատվում է նրա պաշտոնավարման նպատակահարմարությունը, և երրորդ' ամբողջ ծավալով տեղեկատվությունը ճշտելուց հետո համապատասխան մարմին է ուղարկվելու նյութերը», - նշեց Անանյանը: