Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի Ելք խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի ներկայացրած «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ըստ նախագծի հիմնավորման՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում հստակ ձևակերպվում է ավագանու անդամի պարտականությունը «պարբերաբար հանդիպելու համայնքի բնակչության հետ, համայնքի ընտրողներին տեղեկացնելու համայնքի ավագանու աշխատանքների մասին», այնինչ' «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում նշվում է միայն «մասնակցել ավագանու կողմից անցկացվող Երևանի բնակիչների ընդունելություններին» դրույթը, իսկ նախագծով առաջարկվող դրույթը առհասարակ դուրս է մնացել նշված օրենքից:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողել է անփոփոխ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Երևանում տեղական ինքնակառավարման հետ կապված' սույն օրենքով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին»:
«Ներկայացված օրենքի նախագծով առաջարկվող դրույթն առկա է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածում, այն կիրառելի է նաև Երևանի ավագանու անդամների համար, և օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը բացակայում է»,-ասաց Պապիկյանը: