«Այդ մարդը միաբջիջ է, ոչ մեկն այս երկրում չի կարող ինձ վարկաբեկել: Ես մաքուր մարդ եմ, մաքուր եմ ապրել ու իմ խիղճը հանգիստ է: Որևիցե օրենքի առջև պատասխան տալու խնդիր ես չունեմ և չեմ ունենալու։ Իմ բոլոր արարքների համար պատասխանատու եմ»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի կողմից իրեն ուղղված սպառնալիքներին:
Ըստ Սարգսյանի` այդ զրպարտությունը զուր փորձ է, քանի որ ինքը երբեք ոչինչ չի թաքցրել և ապրել է արժանապատիվ. «Ես բազմիցս ասել եմ և նորից կրկնում եմ, որ ես արժանավայել կյանքով եմ ապրել, իմ ամբողջ աշխատանքային ուղին մաքուր և անբիծ է անցել, ես զբաղվել եմ իմ գործով։ Ինչ կարողություն ունեմ՝ դրա համար համապատասխան բացատրություն և արդարացում ունեմ», - ասաց նա։
Ինչո՞ւ մինչ այս չէր բարձրաձայնում այդ մասին հարցին ի պատասխան՝ Սարգսյանն ասաց. «Մինչև հիմա լուրջ չէի վերաբերվում, բայց հասկացա, որ մարդիկ վարկաբեկելու խնդիր ունեն»: Նշենք, որ նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանը հայտարարել էր, որ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը փորձել է տիրանալ իր ունեցվածքին:
Ալիկ Սարգսյանն էլ իր հերթին դիմել է ՀՔԾ: