Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության նախկին պետ Արմեն Սողոյանը կաշառք վերցնելու մեղադրանքով մոտ 2 տարի է՝ կալանավորված է։ Սողոյանն ազատազրկվել է 4-10 տարվա ազատազրկման՝ 20-40 հազար դրամ կաշառք վերցնելու և օրենքին համապատասխան հաշմանդամության խումբ որոշելու համար: ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Արմեն Սողոյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ Վճռաբեկ դատարանից ծանուցագիր է ստացել, որ Առաջին ատյանի որշման դեմ իր բողոքը կքննվի հուլիսի 20-ին:

«Երկու տողանոց ծանուցագրում իրավաբանական 10 կոպիտ սխալ են թույլ տվել, ես չեմ պատկերացնում եթե մի ամբողջ որոշում գրեն այդտեղ քանի սխալ թույլ կտան»,-ասաց Հայկ Ալումյանը:

Նշենք, որ 2017 թվականի հոկտեմբերից Արմեն Սողոյանի դատավարությունը պարբերաբար հետաձգվել է: Նրա շահերի պաշտպան Հայկ Ալումյանը  Առաջին ատյանի դատարան խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդություն է ներկայացրել և խնդրել է իրեն ներգրավել որոշում կայացնելու գործընթացին, քանի որ փաստարկներ է ունեցել ներկայացնելու, սակայն Առաջին ատյանի դատարանը մերժել է՝ ասելով, որ օրենքով նախատեսված չէ: Պաշտպանը Առաջին ատյանի որոշումը բողոքարկել է Վերաքննիչ, այնուհետև Վճռաբեկ ատյան՝ պնդելով, որ քրեական դատավարության 300-րդ հոդվածը հակասում է Սահմանադրությանը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածին՝ «Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք»։ Վճռաբեկ դատարանը  փաստաբանի բողոքը վարույթ է ընդունել, սակայն կասեցրել է դրա քննությունը և դիմել է ՍԴ-ի օգնությանը։ Հայկ Ալումյանն իր դատողությունները ներկայացրել է ՍԴ՝ պահանջելով դադարեցնել Վճռաբեկ դատարանի դիմումով վարույթը: 

Հիշեցնենք, որ այս գործով Սոցապ նախարարության 13 աշխատակից ամբաստանյալ են, սակայն միայն Սողոյանի հանդեպ է որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը: