Արդեն մի քանի օր է՝ Երևանը ղեկավար չունի: Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել։ Քաղաքը «թնդում» է ապագա հնարավոր քաղաքապետերի անուններով։ Դրանցից մեկն էլ ՀԱԿ-ից Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի անուն է։ Սակայն ինքը՝ Խաչատրյանը, համառորեն ժխտում է լուրը։
«Ինչ-ինչ պատճառներով՝ դա դարձել է քննարկման առարկա, բայց ՀԱԿ-ից չի դուրս եկել այդ տեղեկությունը։ Հայ ազգային կոնգրեսում ավագանու հետ կապված որևէ քննարկում չի եղել և չէր էլ կարող լինել․ դա կլինի միայն այն ժամանակ, երբ որ Երևանում կհայատարարվի ավագանու ընտրություններ։ Քանի դեռ կա ավագանի, քանի դեռ այդ ավագանին ունի հնարավորություն իր միջից ընտրել քաղաքապետ՝ նման քննարկումները լուրջ չեն, իսկ եթե կա քաղաքական ուժ, որ անում է նման քննարկումներ, ուրեմն ինքը լուրջ չի»,-ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վահագն Խաչատրյանը։
Վահագն Խաչատրյանն անդրադարձավ նաև Տարոն Մարգարյանի հրաժարականին՝ նշելով, որ ինքը, որպես Երևանի քաղաքացի, իրավունք ունի իմանալու նրա հեռանալու պատճառը։
«Եթե մարդը հրաժարական է տալիս՝ պետք է հիմնավորի, մենք այդ հիմնավորումը չենք լսել։ Հանրապետականները, կարծես թե, հարմարվել են այն մտքի հետ, որ նա հրաժարական է տվել․ այդ դեպքում, եթե հիմա փորձեն թեկնածու առաջադրել՝ պետք է այդ առաջադրումը հիմնավորեն։ Հիմա ինձ հետաքրքիր է, թե իրենք ոնց են ընդունել Տարոն Մարգարյանի հրաժարականը․ այս պահին դա է կարևորը»,-նկատեց Վահագն Խաչատրյանը։