Ջերմուկը դեռ ցույցերի մեջ է․ Եղեգիս համայնքի բնակիչները, ինչպես տեղեկացրել ենք, արդեն մեկ ամիս  է՝ բողոքում են՝ պահանջելով գյուղապետի՝ Արթուր Ստեփանյանի հրաժարականը։ Իրավիճակը, սակայն, դեռ չի փոխվել։

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում  շատինցի ակտիվիստը պատմեց, որ իրենք վաղը՝ հուլիսի 13-ին, մեծ ցույցի են պատրաստվում։ Նա նշեց նաև, որ այս մեկ ամսվա ընթացքում  մշտապես պահել են հերթապահությունը, և, որ այս պահին էլ  շատինցիները շարունակում են մահճակալներով հերթապահել։

«Ոչ մի անգամ համայնքապետը չի բարեհաճել ներկայանա՝ տենա խի՞ ա փակ, ինչի՞ ա փակ, ինքն ասում ա՝ «ես էդ 850 հոգուն տանել չեմ կարողանում»։ Այս ընթացքում մեզ մոտ եկել են հա′մ փոխմարզպետը, հա′մ մարզպետը։ Եկել են, լսել են, գնացել։ Ոչ մի արտառոց փոփոխություն չի եղել»,-պատմեց տեղացի ակտիվիստը։

Հուլիսի 13-ին կայանալիք ցույցում ակտիվիստները ցանկություն ունեն իրենց շարքերում տեսնելու նաև համայնքապետին վստահության քվե տված բնակիչներին։ Նկատենք, որ այժմ բողոքում են միայն Շատին համայնքի բնակիչները․ Եղեգիս համայնքը խոշորացված է։

Հիշեցնենք, որ համայնքապետի հրաժարականը պահանջելու առիթ հանդիսացավ Եղեգիսի կիրճում կառուցվող ՀԷԿ-երի շինարարական աշխատանքները: Գյուղացիները պնդում էին, որ դրանց աշխատանքների պատճառով չեն կարողանում ոռոգել իրենց այգիները, իսկ շինարարական աշխատանքները վնասում են բնությունը:

 

Լիլիթ Հակոբյան