Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր կառավարության կողմից ներկայացված՝ մի շարք վարչական իրավախախտումների համար տուգանքների համաներման մասին նախագիծը։ Վերոնշյալ օրենքի նախագծով առաջարկվում է վարորդներին ներել 2012-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-նն արձանագրված իրավախախտումները, այսինքն՝ 13, 7 մլրդ դրամի գումար: Ազգային ժողովի պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը խորհրդարանում նշել է, որ տուգանքների համաներման պարագայում բարեխիղճ վարորդների քանակը նկատելիորեն կպակասի։ Եվ ոչ միայն նշել է, այլև դեմ է քվեարկել նախագծին: Ընդ որում. նա միակն էր, ով այդպես էլ չհաշտվեց կատարվող «անարդարության» հետ, միակ պատգամավորը, ով դեմ քվեարկեց:
 
Իհարկե, դժվար է համադրել «արդարության առաջամարտիկ» և Միհրան Պողոսյան հասկացությունները, քանի որ կոգնիտիվ դիսոնանս կարող է առաջանալ, սակայն հենց նման դերի մեջ էր այսօր փորձում ներկայանալ օֆշորի արքան: Ի դեպ, իրեն՝ Միհրանին, բարեխիղճ վարորդ չես անվանի. բոլորն էլ հիշում են՝ ինչպես 2015-ին Երևան-Սևան ճանապարհին նրա «ԶԱՊ»-ը 153կմ/ժ արագություն էր զարգացրել, գործը հասել էր դատարան, սակայն Պողոսյանի մտքով անգամ չանցավ տուգանք վճարել, իսկ դատարանի մտքով թերևս չանցավ, որ միլիոնատեր պատգամավորի «Ռենջ Ռովերը» անչափ հեռու Էր «ԶԱՊ» լինելուց: Սա էլ դատական համակարգի կուրության հարց է՝ լրիվ այլ վերլուծության առարկա:
 
Հեռու ենք այն մտքից, որ Պողոսյանի քվեարկությունը սկզբունքայնության և արդարության տենչի դրսևորում էին: Նա պարզապես այդպիսով վրեժ է լուծել նախագծի հեղինակներից՝ իր «փայլուն» գաղափարները վերջնական տարբերակում չներառելու համար: Ինչևէ, բարեխիղճ վարորդների դարդերի մասին Պողոսյանը շուտով կմոռանա: Որոշ տեղեկությունների համաձայն՝ վարչապետի հանձնարարականով արդեն մի քանի օր է՝ ստուգումներ են սկսվել ԴԱՀԿ-ում, որի բացահայտումների կծիկը կարող է հասնել մինչեւ «բանանի սկզբունքային արքա»…
 
Ստելլա Խաչատրյան