Բոլոր նախանշնանները կան, որ որեւէ անակնկալ դրական իմաստով չենք ունենալու, ՍԴ-ն մնում է իր ոճի մեջ: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, Ազատության հրապարակում կայացած բացօթյա ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը:

Նա նշեց, որ այն բազմաթիվ միջնորդությունները, որ ներկայացվել են, մերժվել են, ինչը եւս ցույց է տալիս, որ արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ որոշում է կայացնելու ՍԴ-ն:

Հովսեփ Խուրշուդյանը նաեւ տեղեկացրեց, որ «Ժառանգությունը» նամակով դիմել է ԵԺԿ նախագահին: Նա ընթերցեց նամակը, որում անդրադարձել են նախագահական ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումներին, հետընտրական զարգացումներին: Նամակով կոչ են անում վերանայել ԵԺԿ նախագահի՝ Սերժ Սարգսյանին շնորհավորելու որոշումը: Ի դեպ, այսօր Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդիպելու է ԵԺԿ պատվիրակության եւ նախագահի հետ:

Մինչ Հովսեփ Խուրշուդյանի ասուլիսի մեկնարկը, Րաֆֆի Հովհաննիսյանը մոտեցավ բարձրախոսին եւ ասաց, որ այսօր հայ ժողովուրդը հողին է հանձնում աննման հայրենասեր մարդ Հակոբ Հակոբյանին: «Նա մեր ժամանակների ամենահանճարեղ նկարիչն է, մտավորական, այսօր նրան հողին են հանձնում, եւ ցավ եմ ապրում, որ ներկա չեմ լինում, եկեք մեկ րոպե լռությամբ հարգեն հիշատակը»,- նշեց նա:

Լուսանկարը՝ ԱրսենՍարգսյանի/NEWS.am