«Բրյուսել կատարած իմ այցի ընթացքում, բոլոր հանդիպումների ժամանակ հստակ արձանագրել եմ, որ ժողովրդավարությունը մեզ համար ոչ թե արտաքին քաղաքական կողմնորոշում է, այլ դա մեր հավատամքն է, և վերջերս տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները ցույց տվեցին, որ դա մեր ժողովրդի քաղաքական արժեքների համախումբն է: Երկրորդ արձանագրումն այն է, որ երկար տարիներ Եվրամիությունն ասել է, որ արևելյան գործընկերության երկրների հետ ինքը հարաբերվում է «ավելին ավելիի դիմաց» բանաձևով, ավելին՝ վերաբերվել է հռչակված արժեքներին. ժողովրդավարություն, անկախ դատական համակարգ, թափանցիկություն, կոռուպցիայի դեմ պայքար»,- այս մասին այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Եվրամիության հայտարարությանը, ըստ որի՝ պատրաստվում են Հայաստանին աջակցել ինչ-որ ձևով, Փաշինյանը նշեց. «Ես այս համատեքստում իմ տարակուսանքն եմ արտահայտել, որ Եվրամիրության առաջարկած բանաձևը չի աշխատում հենց Եվրամիության քաղաքականության համար և ինձ համար տարակուսելի է, որ Եվրամիության մի շարք գործընկերներ ինձ հետ հանդիպումներում ասում են, որ իրենք ինչպես նախկինում, այժմ ևս Հայաստանում ակնկալում են փոփոխություններ»,- նշեց նա: 

 

Վարչապետի համար զարմանալի է, որ Եվրամիությունում դեռ կան պաշտոնյաներ, ովքեր չեն նկատում Հայաստանում եղած փոփոխությունները. «Ես ասել եմ, որ այսօրվա կառավարությունը մեկ-երկու ամսում, առանց լումա ծախսելու, կոռուպցիայի դեմ պայքարում արել է ավելին, քան Եվրամիության ու Հայաստանի կառավարությունների համագործակցության ընթացքում տեղի է ունեցել տասնյակ միլիոնավոր եվրոներ ծախսելով»,- հայտարարեց Փաշինյանը: