Փանիկում ռուս զինվորների հետ տեղի ունեցած միջադեպում քաղաքական ասպեկտ չեմ տեսնում։ Այս մասին հուլիսի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողներին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ 



«Հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ հարթ չէ, բայց չեմ կարծում, թե այստեղ քաղաքական ասպեկտ կա։ Ռուսները տարբեր մակարդակներում ներողություն են խնդրել միջադեպի համար, և սա բավական պետք է լինի, որովհետև հիմա չի կարելի փչացնել հարաբերությունները որևէ երկրի հետ, մանավանդ, որ զոհ չենք ունեցել այդ միջադեպից»,- նշեց Կարեն Քոչարյանը։



Քաղաքագետն անդրադարձավ նաև Արցախյան խնդրի բանակցային գործընթացին։ Քոչարյանի խոսքով՝ այժմ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները սպասողական վիճակում են, որովհետև ապրիլին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները նրանց համար սպասելի չէին։



«Մինսկի խումբը ենթադրում էր, որ բանակցային գործընթացը պետք է շատ արագ ակտիվանար այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը դառնար վարչապետ, Իլհամ Ալիևն էլ վերընտրվեր վեց ամիս շուտ։ Սակայն տեղի ունեցավ հեղափոխություն, և հիմա ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները պետք է նորից հանդիպեն բանակցող կողմերի հետ»,- ասաց Քոչարյանը։ 



Ինչ վերաբերում է սպասվող Երևանի ավագանու և ԱԺ արտահերթ ընտրություններին, ապա քաղաքագետի կարծիքով՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ԱԺ ընտրություններին կմասնակցի առանձին։ 



«Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանն ընդգծված արևմտամետներ են, և Նիկոլ Փաշինյանը նրանց հետ դաշինքով ԱԺ ընտրություններին չի մասնակցի, որպեսզի Ռուսաստանի հետ հարաբերությունները չփչացնի»,- նշեց Կարեն Քոչարյանը։



Քաղաքագետի խոսքով՝ Երևանի ավագանու ընտրություններին ՔՊ-ն «Լուսավոր Հայաստանի» և «Հանրապետություն» կուսակցության հետ կարող է դաշինքով մասնակցել, սակայն այս դեպքում պարզաբանելու շատ հարցեր կունենա։