Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռևս երկրում չէ, բայց հուլիսի 26-ին նա կներկայանա Հատուկ քննչական ծառայություն Մարտի 1-ի գործով հարցաքննության:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ իր վերջին հայտարարությունն ուժի մեջ է: «Գիտեք՝ այս պահին նա Հայաստանում չէ, բայց իմ ասածների մեջ ոչինչ չի փոխվել: Սրանից առաջ այն, ինչ հայտարարել էի, ուժի մեջ է։ Նշանակված օրը նա Հայաստանում է լինելու, ես հայտարարել էի այդ մասին, և կմասնակցի հարցաքննությանը»,-ասաց Վիկտոր Սողոմոնյանը:

 

Ինչ վերաբերում է հարցաքննության ընթացքը տեսաձայնագրելուն, ապա Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ դա տեխնիկական պայմանավորվածություն է և դեռևս քննարկման փուլում է:

 

Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ հարցաքննության էր կանչվել հուլիսի 6-ին, սակայն չէր ներկայացել Հայաստանից բացակայելու պատճառաբանությամբ: Վիկտոր Սողոմոնյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ երկրորդ նախագահը կներկայանա հարցաքննության, երբ հուլիսի 25-ից հետո արտերկրից վերադառնա Հայաստան: