Տավուշի մարզի Հաղարծին համայնքում լարված իրավիճակ է։ Երեկ բնակիչները փակել են ճանապարհը՝ պահանջելով Դիլիջան ազգային պարկի բնապահպան ակտիվիստների հեռանալը։ Բանկիչների և բնապահպանների միջև տեղի է ունեցել ընդհարում, որի հետևանքով տարեց կին է հայտնվել հիվանդանոցում՝ կողոսկրի կոտրվածքով։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Հաղարծինի վարչական ղեկավար Գևորգ Թամրազյանը։
Նա նշեց, որ արդեն 5-6 ամիս է՝ երիտասարդ կամավոր բնապահպանները Դիլիջան ազգային պարկում պահպանություն են իրականացնում և մինչև վերջերս որևէ բողոք չի եղել կամավորների հետ կապված։ Սակայն իրավիճակը սրվել է մեկ ամիս առաջ։
«Բնակիչների վկայությամբ, տղաներն ապօրինի անտառահատողներ են բռնել, ինչն ուղեկցվել է տեսանկարահանումով և գյուղի բնակիչների հասցեին ուղղված հայհոյանքներով։ Բնակիչները վրդովվել են։ Նրանք ասում են՝ լավ են անում՝ պահպանում են բնությունը, բայց ինչու՞ են հայհոյում մեզ։ Նրանք պնդում են, որ կամավորներն եկել են, բակերի փայտն են նկարել, հարցրել են` սա ի՞նչ փայտ է թափված, այդտեղից առաջացել է դժգոհությունը և սկսվել է «մի կաթիլ մեղրի» պատմությունը։ Երեկ մոտ մեկ ժամ բնակիչները ճանապարհն են փակել, իսկ դրանից առաջ ընդհարում է եղել բնակիչների և բնապահպանների միջև, որն իրավապահ մարմինների մոտ է գրանցվել»,-ասաց Թամրազյանը։
Նա նշեց, որ խնդրի մասին տեղեկացված է Տավուշի մազպետը և Դիլիջանի համայնքապետը, երեկ ունեցել են քննարկում, սակայն իրավիճակն այնքան լաված է, որ խնդրի լուծման տարբերակներ չեն տեսնում։ Այսօր ևս այդ խնդրով քննարկումներ կլինեն։
«Անտառը միանշանակ պետք է պահպանել և յուրաքանչյուր անտառահատողի պատժել օրենքով սահմանված կարգով՝ անկախ սոցիալական վիճակից, սակայն հարցը այս պահին անտառահատումը չէ այլ մարդկային հարաբերությունները։ Մարդիկ դժգոհ են վերաբերմունքից և հայհոյանքից, ասում են՝ եթե հանցագործ ենք, թող իրավապահ մարմինները զբաղվեն, և եթե անտառ ենք հատել, պատրաստ ենք մեր պատիժը կրել։ Այժմ նրանց պահանջն է՝ հեռանան կամավորները կամ նրանց փոխարինեն այլ կամավորներ, հակառակ դեպքում՝ նորից ճանապարհները կփակվեն»,- հավելեց Թամրզայանը։
Հաղարծինի վարչական ղեկավարը նկատեց, որ վերջին շրջանում նվազել են համատարած անատառահատման դեպքերը, և այդ խնդիրը գրեթե լուծված է, քանի որ մարդիկ գիտակցում են, որ դա քրեորեն պատժելի արարք է։
Արմինե Արմենակյան