«Պարբերաբար իր կողմից պահանջներ եմ ստացել, որ գումար տուր, թե չէ տեղեկություններ կհաղորդեմ: Ամեն անգամ մտածել եմ՝ շանտաժի միջոցով փորձում է գումար կորզել, լուրջ չեմ վերաբերվել: Բայց երբ իմացա, որ գնացել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մոտ, հասկացա` ինչ-որ քայլեր է անում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի կողմից իրեն ուղղված սպառնալիքներին:
Ալիկ Սարգսյանի խոսքով` նախկին մարզպետին վատ չի վերաբերվել, ինչպես ինքն է նշում, միայն այն պատճառով, որ արտաշատցի է և իր ոստիկանապետ նշանակվելուց հետո նշանակվել է մարզպետ, սակայն նրա կողմից մշտապես ուլտիմատումներ է լսել. «Ինձ ասում էր՝ ամեն բան անելու եմ՝ միայն տուժես: Եթե անգամ վնաս կրեմ, միևնույնն է, այնպես եմ անելու՝ անունդ արատավորվի»,- ասաց նա` ենթադրելով, որ նախկին մարզպետը հոգեկան խնդիրներ ունի:
Հարցին` ինչո՞ւ հիմա որոշեց բարձրաձայնել դրա մասին, Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Երևի մտածել է՝ նախկին իշխանությունները չեն հավատա իրեն»:
Հիշեցնենք՝ 2018 թվականի հուլիսի 10-ին ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանի՝ ՀՔԾ ներկայացրած հաղորդումն առ այն, որ Արարատի մարզի նախկին մարզպետը 2012 թվականից սկսած արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 60.000 ԱՄՆ դոլար գումար։ Արարատի մարզի նախկին մարզպետն էլ իր հերթին հաղորդում է ներկայացրել, որ դեռևս 2008 թվականին գումար է փոխանցել այն ժամանակ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ իր նախկին աշխատակցի որդուն ոստիկանության համակարգում աշխատանքի ընդունելու համար։ Սակայն վերջինս աշխատանքի չի ընդունվել և ոչ էլ գումարն է վերադարձվել: