Թեև իշխանությունները դեռ չեն որոշել, թե ինչ ձևաչափով կմասնակցեն Երևանի ավագանու գալիք ընտրություններին, այնուամենայնիվ, որոշ պոտենցիալ թեկնածուների միջև արդեն իսկ հեռակա պայքար, եթե կուզեք՝ նաև ամերիկյան փրայմ-երիզ հիշեցնող գործընթաց է սկսվել: Վերջիններս պետք է Փաշինյանին համոզեն, որ հենց իրենք են այն խարիզմատիկ և երևանցիների կողմից ընդունված գործիչները, որոնք կարող են թավշյա հեղափոխության հաղթանակը մատերիալիզացնել ավագանու ընտրություններում: 

Որոշ դիտարկումներ թույլ են տալիս եզրակացնել, որ Փաշինյանն այս պայքարում ունի իր թեկնածուն, որին մյուսներից առավել շատ է համակրում: Դա հայտնի դերասան Հայկ Մարությանն է՝ Կարգին Հայկոն, ով վերջերս անդամագրվեց Փաշինյանի կուսակցությանը և շատերի կարծիքով՝ դա հենց քաղաքապետի ընտրություններին մասնակցելու նախերգանքն էր: Եթե ի վերջո ընտրությունը կանգ առնի Մարությանի վրա, ապա դժվար թե որևէ մեկի կողմից վիճարկվի ընտրության արդարացիությունը կամ առաջ քաշվեն դիտարկումներ, որ Մարությանը քաղաքականության մարդ չէ: Պատահակա՞ն էր արդյոք Սասուն Միքայելյանի համեմատությունը ԱՄՆ թերևս ամենահաջողված նախագահներից մեկի՝ Ռեյգանի հետ, ով նույնպես դերասան էր, սակայն փայլուն իրեն դրսևորեց նաև քաղաքական դաշտում:

 

Միքայելյանի ակնարկները համեմատության տեսքով կամ Փաշինյանի համակրանքը դեռևս երաշխիք չեն, որ Մարությանը նույնքան փայլուն քաղաքապետ կլինի, սակայն մի բան ակնհայտ է՝ ի տարբերություն շատ և շատ քաղաքական դեմքերի, նրա անունը չի կապվում որևէ կոռուպցիոն սկանդալի հետ, նրան նույնիսկ գոլդ համարանիշներով կարմիր լույսի տակ սլանալիս չեն նկատել, և, բացի այդ, կարելի է ասել՝ մի ամբողջ սերունդ մեծացել է Կարգին Հայկոյի «Կարգին սերիալի» հայտնի սկետչերի վրա, ինչը հավելյալ մոտիվացիա կլինի այդ նույն սերունդի համար՝ քվեն տալ հենց Մարությանին՝ որպես սիրված և ընդունված կերպարի: Իսկ թե կհաջողի՞ Մարությանը Ռեյգանի պես և արդյո՞ք տեղին էր Սասուն Միքայելյանի համեմատությունը՝ ցույց կտա ժամանակը:

 

Ստելլա Խաչատրյան