Հայաստանի Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն այսօր՝ մարտի 14-ին, չի ներկայացել մամուլի ասուլիսին: Նա զանգահարել է մամուլի ակումբ եւ ներողություն խնդրելով իր բացակայության համար, հայտնել է, որ ուղեւորվում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպման:
Ասուլիսում նրա ընդդիմախոսը պետք է լիներ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Մանվել Բադեյանը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ազատության հրապարակում, որտեղ հացադուլ է հայտարարել ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ոստիկանները թույլ չեն տվել ակտիվիստներին վրան տեղադրել նրա համար: Տեղի է ունեցել քաշքշուկ եւ հրմշտոց: Ոստիկանները նշել են, որ եթե լինի քաղաքապետարանի թույլտվությունը, իրենք չեն խոչընդոտի վրանի տեղադրմանը: «Ժառանգության» անդամները որոշել են դիմել քաղաքապետարան: Այդ դեպքերին ներկա է եղել նաեւ Թեւան Պողոսյանը: