«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ռուսների հետ պարզապես պետք է խոսել, նույնիսկ բացատրել, որովհետև իսկապես էլ Ռուսաստանում լավ չեն պատկերացնում այն, ինչ կատարվում է Հայաստանում: Ռուսաստանը սպասում է և միաժամանակ փորձում է հասկանալ՝ ինչն իրենք էլ չեն թաքցնում, այս հարցում նրան պետք է պարզապես օգնել: Ընդհանուր առմամբ, հենց այս սպասումներից են ռուսական միջավայրում հայտնվում տարատեսակ ապատեղեկատվություններ' լինի դա զենքի մատակարարման ծրագիր, թե այլ բան:
Ի վերջո, մի քանի օր շարունակ, Լավրովի հայտարարությանը հաջորդած աղմուկից հետո, ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը շատ կարճ և հստակ ասաց' զենքը շարունակում է մատակարարվել, իսկ Խաչատուրովին մեղադրանք ներկայացնելու կապակցությամբ պարզապես նշել է, թե Հայաստանը արդարադատություն է իրականացնում:
Այլ կերպ ասած' Ֆոմինը պարզապես արձանագրել է' դա Հայաստանի ներքին գործն է, պարզ լեզվով, հանգիստ, առանց ենթատեքստերի, առանց ակնարկների: Կարծես թե շատ հեշտ է, որովհետև առաջին տեղում են լեգիտիմությունն ու ինքնիշխանությունը: Ռուսաստանը սա տեսնում է, գուցե դեռևս լավ չի պատկերացնում, բայց տեսնում է, իսկ պատկերացնելու համար, ինչպես արդեն նշվեց, Ռուսաստանին պետք է պարզապես օգնել: Այդ օգնությունը կարող է լինել միայն նորմալ դիվանագիտական ու հանգամանալից լեզվով, ոչ թե հոխորտանքով, ոչ թե հակառուսական տրամադրություններով, ոչ էլ, բնականաբար, խնդրանքներով ու Ռուսաստանի «բարեկամությանը» վստահելով:
Ռուսաստանը մեր դաշնակիցն է, որովհետև այստեղ ունի շահեր, մենք էլ, մեծ հաշվով, Ռուսաստանի դաշնակիցն ենք, որովհետև ունենք շահեր, փոխադարձ շահերը դաշնակցության երաշխիք են և շարունակելու են մնալ այդպիսին, քանի դեռ կողմերից մեկի շահերը չեն նվազել կամ ավելացել: Սա հստակ իրողություն է և վերջ»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում