Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանը, խոսեց ՀԱՕԿ-ի և Սպորտի նախարարության հնչեցված մեղադրանքների մասին' կապված ՀԲՖ նախագահի վերջին ընտրությունների հետ:
«Քվերակությունը եղել է թափանցիկ: Համաժողովի բոլոր անդամները՝ բացառությամբ մեկի, որպես ֆեդերացիայի նախագահ ընտրել է ինձ: Չեմ հասկանում՝ ի՞նչ անհիմն մտահոգություններ կան: Ընտրություններին մասնակցել են համաժողովի 72 անդամից 59-ը, որոնցից 58-ը կողմ է քվեարկել: Այստեղ խոսել ընտրությունների առարկայական խախտումների մասին ուղղակի անհեթհեթություն է: Ինչ վերաբերվում է այն հայտարարությանը, թե ընտրության մասին չեն տեղեկացվել, ապա այդ մասին և' ուղարկվել են ծանուցումներ, և' ակտիվորեն տարածվել են սոցիալական ցանցերում»,- ասաց ֆեդերացիայի նախագահը:
Արթուր Գևորգյանը նշեց, որ դժգոհ անդամները մի քանիսն են, իսկ դա խոսում է այն մասին, որ գործ ունենք առողջ կառույցի հետ, որտեղ կա այլակարծություն: Հակառակ պատկերը, երբ արտահայտվելու ազատություն չկա, կհանգեցներ կառույցի լճացմանը:
ՀԲՖ նախագահը նշեց, որ ֆեդերացիան հասարակական կազմակերպություն է և օրենքը սահմանում է, որ ՀԿ-ները ինքնուրույն սուբյեկտեներ են և միայն նրանք կարող են զբաղվել իրենց ներքին հարցերով:
«Բացի ֆեդերացիայի անդամներից, որևէ մեկը իրավունք չունի և չի կարող միջամտել մեր գործերին, ո՛չ Սպորտի նախարարոությունը, ո՛չ էլ ՀԱՕԿ-ը»,- ասաց Գևորգյանը:
Այս ընտրությունների թե՛ ընթացակարգը, թե՛ արդյունքները ճանաչվել ու հաստատվել են AIBA-ի կողմից:
«ՀԱՕԿ-ը վերադաս չէ, գրանցող մարմին չէ, մեզ հաստատում է միջազգային կառույցը՝ ԱԻԲԱ-ն: ՀԱՕԿ-ի կողմից ցանկացած միջամտությունը օլիմպիական խարտիայի կոպիտ խախտում է»,- ասում է Գևորգյանը և հավելեց,- «ԱԻԲԱ-ն մեզ նամակ է ուղարկել, որ Հայաստանի սպորտի նախարարությունը կասկածներ է հայտնել ֆեդերացիայի ընտրության հարցում, նրանք մեզնից պահանջեցին տեղեկատվություն: Մենք ուղարկեցինք, նրանք ստացել են այդ փաստաթղթերը և շնորհավորել մեզ:
Գևորգյանը նշեց, որ ՀԱՕԿ-ի միջամտության մասին կտեղեկացվի ՄՕԿ-ին, որպեսզի ՄՕԿ-ը ձեռնարկի միջոցներ՝ թույլ չտալու իրենց ենթակա Օլիմպիական կոմետին միջամտել ու խոչընդոտել մի շարք սպորտային կառույցների գործունեությանը:
ՀԲՖ նախագահը հավելեց, որ ֆեդերացիան միշտ էլ լավ հարաբերությունների մեջ է եղել ՀԱՕԿ-ի և նրա ղեկավարի հետ, ինչպես նաև Սպորտի նախարարության հետ: