ԵԿՄ արդեն նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շատ վատ է. կտրուկ բարձրացել է նրա արյան ճնշումը եւ արյան մեջ շաքարի պարունակությունը: Այս մասին արդեն երկու օր է, ինչ բարձրաձայնում են Գրիգորյանի փաստաբանները: Գրիգորյանը, ինչպես հայտնի է, տառապում է քաղցկեղով, տարին առնվազն մեկ անգամ քիմիաթերապիայի կուրսեր էր ստանում արտերկրում: Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ բուժման հերթական կուրսը նա պետք է ստանար հունիսի 13-ին, սակայն տեղի է ունեցել ձերբակալությունը: Այս պահին նա գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում՝ դատաբժշկական փորձաքննության շրջանակներում հետազոտություններ անելու նպատակով։
Գրիգորյանի խնդիրն, անշուշտ, իրավա-քաղաքական հանգուցալուծման անհրաժեշտություն ունի, և, վստահաբար, դա պետք է տեղի ունենա ոչ թե Երկրապահի և նոր իշխանության հակադրության, այլ հանդուրժողականության դաշտում: Գեներալ Մանվելին կարելի է սիրել կամ չսիրել, ընդունել կամ ոչ, սակայն մի բան ակնհայտ է՝ եթե Մանվել Գրիգորյանն ազատ չարձակվի, այս հիվանդությունների առկայության պայմաններում կստացվի, որ նրան միտումնավոր խոշտանգում են` շատ լավ իմանալով այն փաստերը, որոնք ակնհայտ են: Դրանք այն փաստերն են, որ ակնհայտ են կալանավայրի բժշկի, դատախազության, վարույթ իրականացնող մարմնի և հասարակության համար: Եվ, ընդ որում, այնպես էլ չէ, որ մեր արդարադատության համակարգը սկբունքային է բացառապես բոլոր դեպքերում: Ոչ: Շաբաթներ առաջ կալանքից գրավի դիմաց ազատ արձակվեց Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը՝ Սերժի Վաչոն: Նրա դեմ գործ էր հարուցվել ապօրինի հարստացման մեղադրանքով, պետությանը հասցրած նրա վնասը միլիարդների էր հասնում, սակայն ոչ պակաս մեծ գումարի՝ մեկ միլիարդ դրամի հասնող գրավի դիմաց, նա ազատ արձակվեց: Նկատենք՝ Սերժի Վաչոն շարքային կոռուպցիոներ էր, նախկին քրեաօլիգարխիկ համակարգի կարկառուն ներկայացուցիչներից մեկը, բայց արի ու տես՝ Սերժի Վաչոն ազատության մեջ է, իսկ Արցախի հերոսը, այն էլ կյանքի ու մահվան միջև կռիվ տվող հերոսը՝ բանտում:
Դա էլ դեռ քիչ է՝ համացանցում «շատ պատահական» կերպով հայտնվում է նրա՝ բանտախցում արված լուսանկարը, և այդ դրվագը իրականում ոչնչով չէր տարբերվում ռուսական դատարանում Հրաչյա Հարությունյանի «ծաղկավոր խալաթից»: Երկու դեպքում էլ նպատակը մեկն էր՝ նվաստացնել հային: Բայց արի ու տես, որ մի դեպքում մեր ազգային հավաքական գիտակցությունը ընդվզեց, իսկ մյուս դեպքում՝ լռության ենք մատնում… Սիրուն չէ, պարոնա՛յք…