ՀՀ վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով շրջանառվող լուրերը, թե նա անցանկալի է ՌԴ-ի համար, ասաց․
«Ե՛Վ ես, և՛ Արմեն Գրիգորյանը հակառուսներ չենք, մենք ժամանակին որպես գործիչներ, ակտիվ քաղաքացիներ՝ Ռուսաստանի քաղաքականության վերաբերյալ արտահայտել ենք մեր միտքը»:
Նա նաև նշեց, որ չի եղել հակառուս, և ընդհանրապես, որևէ ազգի հակառակ չէ:
«Սա ուղղակի ցեխշպրտոցի է, քարոզչական ինչ-որ հնարք են օգտագործում: Կան դաշտում մարդիկ, որոնց ոտքը տրորում ենք, և այսպիսի բաներ են պատվիրում։ Բայց մենք մեր գործով ենք զբաղվում: Այլ պետության ղեկավարները չեն կարող որոշում կայացնել, թե մեր պետության մեջ ինչ կադրային քաղաքականություն իրականացվի: Սա ուղղակի վիրավորական է, երբ ասում են՝ «Կրեմլը գոհ չէ նշանակումներից»: Գոհ պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ՀՀ վարչապետը»,- ասաց Սանասարյանը:
Հիշեցնենք, որ այսօր մամուլում շրջանառվում էր, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր ՌԴ-ի համար շարունակում են անընդունելի մնալ մի շարք առանցքային պաշտոնյաներ, մասնավորապես, Դավիթ Սանասարյանը և Արմեն Գրիգորյանը։