«Ռոսիա ՖԶԷ» անունով ընկերությունը Հայաստանի Հանրապետության դեմ հայց է ներկայացրել միջազգային արբիտրաժ եւ պահանջում է 160 միլիոն դոլարի փոխհատուցում: Այս մասին երեկ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:
Դեռ 2013 թվականին Հայաստանի տրանսպորտի նախարարությունը երկաթգծի ներդրումների վերաբերյալ հուշագիր էր ստորագրել Դուբայում գրանցված «Ռոսիա ՖԶԷ» ներդրումային ընկերության հետ։ Դրանից հետո ընկերությունը ոչ մի անգամ չի ներկայացել հանրությանը։ Նախկին նախարար Վահան Մարտիրոսյանն ասում էր` նախարարությունը պնդում է, որ հանդիպում լինի ու ապագա աշխատանքը քննարկվի, բայց ընկերությունը խուսափում է հանդիպումից։ Այդ ժամանակից ի վեր հանդիպում չի եղել։ Նոր նախարարն ասում է, որ նույնիսկ նամակագրություն չի եղել: Հիշեցնենք` այն ժամանակ` 2013 թվականին, նախագծի արժեքը 3,2 միլիոն դոլար էր գնահատվում։ Ճանապարհը պետք է անցներ իրանական սահմանից դեպի Սևան լիճ, իսկ հետո միանար գործող ճանապարհներին։
Դեռ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց նախագծի մեկնարկի մասին՝ տնտեսական բոլոր հաշվարկները ցույց էին տալիս, որ այդ երկաթուղին տնտեսապես խիստ անշահավետ է և ահռելի ֆինանսական խնդիրներ է ունենալու: Սկզբում այն գնահատվում էր մոտ 2 մլրդ դոլար, հետո՝ 2.5, ի վերջո` 3.2 մլրդ դոլար: Անհասկանալի էր, թե ընդամենը 10.5 մլրդ դոլար ՀՆԱ ունեցող Հայաստանն ինչպես է հանդգնում իր ՀՆԱ-ի 1/3-ի չափ արժողության ծրագիր իրականացնել մշուշոտ սպասելիքներով: Մեր պաշտոնյաները հայտարարում էին, որ ծրագիրը ցանկանում է ֆինանսավորել Ռուսաստանը, հետո ասացին, թե Չինաստանն է պատրաստ ֆինանսավորել: Նույնիսկ հայտարարություններ եղան, թե հնարավոր է, որ Համաշխարհային բանկը ֆինանսավորի: «Հայաստանի հարավային երկաթուղի» 3.5 մլրդ դոլար գնահատվող նախագծի գործարկման մասին հայտարարվել է 2013 թ. հունվարին: Այդ ժամանակ էլ «Հայաստանի հարավային երկաթուղու» զարգացմանն ուղղված տարածաշրջանային համագործակցության գծով փոխըմբռնման եռակողմ հուշագիր ստորագրվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի, Հայաստանի տրանսպորտի նախարարության և Դուբայում գրանցված «Ռոսիա ՖԶԵ» ներդրումային ընկերության միջև: Ու «Ռոսիա ՖԶԵ»-ն հայտարարեց, որ սկսում է լայնածավալ գործունեություն` նախագծերի տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման, նախագծման, ֆինանսավորման, զարգացման և շահագործման համար կոնսորցիումի ստեղծման ռազմավարության աշխատանքներ:
Այսօր այդ ընկերությունը փաստացի հրաժարվում է կատարել իր՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Գլխավոր հարցը, սակայն, այն է՝ արդյո՞ք անհայտ ծագման այս ընկերությունն է «քցել» նախկին իշխանություններին, և այսօր ցանկանում է նորերից որոշակի գումար պոկել, թե՞ հենց նախկին իշխանություններն են նախագծի իրականացմանն ուղղված միլիարդները մեջ-մեջ արել՝ իհարկե, դրանից չենք զարմանա: Չնայած նրան, որ դատարանում, ըստ էության, ընկերությունը հաղթելու մեծ շանսեր չունի՝ կառավարության համար սա կարող է դառնալ ևս մեկ չնախատեսված ծախսի պատճառ: Բացի այդ, կարող է նախադեպ դառնալ մյուս ընկերությունների համար, որոնք այս կամ այն չափով դժգոհում են նոր իշխանությունների վարած բիզնես-քաղաքականությունից: Լիդիանի օրինակը ամենաթարմն է…