Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր՝ սեպտեմբերի 10-ին մեկնարկեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը ներառյալ: Սեպտեմբերի 22-ը լռության օր է, իսկ արդեն 23-ին տեղի կունենան ընտրությունները: Նշենք, որ ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է 12 քաղաքական ուժ. «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ՀՅԴ, «Հայք», «Երկիր Ծիրանի», «Ռեֆորմիստներ», «Ժողովրդավարական ուղի», «Օրինաց երկիր» կուսակցությունները, «Իմ քայլը», «Երևանցիներ», «Երևանի հանրություն», «Լույս» դաշինքները:
Այսօրվանից քաղաքական ուժերը մայրաքաղաքի բնակիչներին կներկայացնեն իրենց ծրագրերը: Ստորև ներկայացնում ենք, թե որ քաղաքական ուժը ինչպես և որտեղից է մեկնարկելու քարոզարշավը:
«Իմ քայլը» դաշինքը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկը կազդարարի Էրեբունի վարչական շրջանից: Երեկոյան նախատեսվում է հանրահավաք Էրեբունի վարչական շրջանում, բայց մինչ այդ թիմի անդամները շրջելու են բակերով և հանդիպելու քաղաքացիների հետ: «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է:
«Ժառանգություն» կուսակցությունը քարոզարշավի մեկնարկը կազդարարի Շառլ Ազնավուրի անվան հրապարակից: Քարոզարշավի մեկնարկը կուղեկցվի բացօթյա ասուլիսով: «Ժառանգության» համամասնական ցուցակը գլխավորում է Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Լույս» դաշինքը քարոզարշավի մեկնարկը կտա «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում՝ ներկայացնելով նախընտրական ծրագիրը: Դաշինքի քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի մեկնարկը կտա Նուբարաշեն համայնքում: Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է:
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը Երևանի 2018 թվականի ավագանու արտահերթ ընտրությունների իր քարոզարշավի մեկնարկը պաշտոնապես կազդարարի սեպտեմբերի 10-ին, ժամը՝ 18:00-ին: Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտից: Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Միքայել Մանուկյանը:
«Երևանի հանրություն» դաշինքը քարոզարշավը կմեկնարկի ասուլիսով: «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքի ծրագրային հիմնադրույթների և մեկնարկող քարոզարշավի մասին» թեմայով հրավիրված ասուլիսին կխոսեն դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Անահիտ Թարխանյանը, Արամ Գրիգորյանը և Արմեն Հովհաննիսյանը:
«Հայք» կուսակցությունը քարոզարշավը սկսելու է Երևանի տարբեր հատվածներում նախընտրական բուկլետներ բաժանելով: Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Գևորգ Հովսեփյանը:
«Ռեֆորմիստներ» կուսակցությունը քարոզարշավի մեկնարկը կտա համակիրների հավաքով, որում՝ ելույթ կունենա կուսակցության նախագահ Վահան Բաբայանը: Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Արտակ Ավետյանն է:
«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը դեռևս որոշում չունի, թե ինչպես են տալու քարոզարշավի մեկնարկը: Կուսակցությունը նախատեսում է քարոզարշավն անցկացնել բակային հանդիպումներով: Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Մանուել Գասպարյանն է:
«Օրինաց երկիր» կուսակցությունը դեռևս չի հայտնել, թե ինչպես են տալու քարոզարշավի մեկնարկը: Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Մհեր Շահգելդյանը:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը ևս չի հայտնել, թե ինչպես են տալու քարոզարշավի մեկնարկը: «Երկիր Ծիրանի» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Զարուհի Փոստանջյանը:
Քարոզարշավի մեկնարկի միջոցառման մասին որոշում դեռևս չի կայացրել նաև «Երևանցիներ» դաշինքը: Դաշինքի քաղաքապետի թեկնածուն Արարատ Զուրաբյանն է:
Հիշեցնենք` 2011թ.-ից Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Տարոն Մարգարյանն այս տարվա հուլիսի 9-ին հրաժարական տվեց։
Քաղաքապետի ընտրության նպատակով հրավիրված ավագանու արտահերթ նիստը հուլիսի 16-ին չկայացավ քվորումի բացակայության պատճառով, քանի որ ՀՀԿ-ն և «Ելքը» նախապես հայտարարել էին, որ չեն մասնակցելու նիստին և պատրաստվում են արտահերթ ընտրությունների։
Սոնա Հարությունյան