ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հավաստիացնում է' իրենք անմնացորդ աջակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը: Իսկ ՀՀԿ-ի հետ առնչությունների մասին լուրերը համարեց իրենց դեմ սև PR-ի արդյունք:
Մարուքյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:
«Ոչ ոք չի մոռացել, որ մենք միակ ուժն ենք եղել, որը հստակ դիրքորոշում է ունեցել, որ պետք է դեմ քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն: Դրանից հետո են մեզ հազարավոր մարդիկ միացել: Եվ այդ օրվանից մինչ օրս անմնացորդ կերպով պաշտպանում ենք Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը»,-նշեց Մարուքյանը:
Նա հավաստիացրեց' ՀՀԿ-ի հետ սերտ առնչություններ չունեն, քանի որ պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին: Բացառեց այդ ընտրություններում ՀՀԿ-ի կողմից իրենց աջակցությունը: Նշեց' այդ խոսակցությունները պարզապես սև PR-ի արդյունք են իրենց դեմ:
«Որպես հակահեղափոխական ուժ համարել եմ ՀՀԿ-ին, իսկ հիմա միացել է նաև Ռոբերտ Քոչարյանը»,-նշեց ԱԺ պատգամավորը:
Անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին վարչապետ Փաշինյանի ելույթին՝ նշեց, որ դա քարոզչական ելույթ էր: Հավատացրեց' «իրենց կեղծ հեղափոխականներ ներկայացնողներ» ասելով՝ վարչապետն իրենց ի նկատի չի ունեցել: