ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի մասնակցությամբ Երևանում բացվել է Ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների 11-րդ ֆորումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Իր ելույթում վարչապետը շնորհավորել է Միկաել Ժանին ֆորումի բացման կապակցությամբ և նշել, որ այսօր Երևանում նրա ներկայությունը նույնքան խորհրդանշական է, որքան կարևոր, քանի որ մեկ ամսից Հայաստանն ընդունելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովը: Նիկոլ Փաշինյանը ողջունել է ֆորումի մասնակից բոլոր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և հավելել, որ Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները բնութագրեցին քաղաքացիական շարժման ուժը: «Այդ իրադարձություններին երիտասարդների, կանանց և տղամարդկանց մասնակցությունը ցույց տվեց, թե որքան կարևոր է քաղաքացիական հասարակությունը, որքան կարևոր են մեր երկրում ժողովրդավարության, համերաշխության արժեքները, որ մենք ունենք և որոնք կիսում ենք Ֆրանկոֆոնիայի մեր բոլոր բարեկամների հետ: Հպարտությամբ եմ նշում, որ մեր երկիրը կարևոր գործ է ստանձնում և կարևոր հանգրվան է ապրում՝ ընդունելով Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը: Ցանկանում եմ վստահեցնել, որ մեր կառավարությունը, ինչպես և ամբողջ Հայաստանը, մոբիլիզացրել է իր ուժերը, որպեսզի հյուրընկալության լավագույն ավանդույթներով հյուրընկալի գագաթաժողովի մասնակիցներին: Հույս ունեմ, որ այս գագաթաժողովը կնպաստի Ֆրանկոֆոնիայի զարգացմանն ամբողջ աշխարհում, և Հայաստանը կդառնա Ֆրանկոֆոնիայի դիվանագիտական ակտիվ գործունեության կենտրոններից մեկը.կազմակերպության անդամ և դիտորդ 84 երկրի և կազմակերպությունների պատվիրակությունների մասնակցությունը գագաթաժողովին կտա մի նոր ուժ: Մասնակիցները նաև կկարողանան բացահայտել Հայաստանն ու նրա մշակութային արժեքները, որոնք կազմում են ֆրանկոֆոն տարածքի մասը: Համոզված եմ, որ գագաթաժողովը կլինի անմոռանալի, և մենք կարձանագրենք մեծ հաջողություններ»,- նշել է վարչապետը՝ ֆորումի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանն իր հերթին նշել է, որ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին հայ ժոդովուրդը պատրաստվում է իրեն բնորոշ հյուրընկալությամբ: «Մեզ համարմեծագույն պատիվ է գագաթաժողովն անցկացնել մի երկրում, որտեղ տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, խաղաղ իշխանափոխություն»,-ասել է Միկաել Ժանը՝ հավելելով, որ Երևանում հնարավորություն է ունեցել հանդիպել երիտասարդների, ովքեր քաղաքացիական պատասխանատվություն են ստանձնել՝ առաջ տանելու թավշյա հեղափոխության ձեռքբերումները:
Ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների ֆորումին մասնակցում են շուրջ 200 ՀԿ ներկայացուցիչներ ֆրանկոֆոն երկրներից և գրեթե բոլոր մայրցամաքներից: