ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը տեղեկացված չի եղել, որ Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է:
Այս մասին Օսիպյանն ասաց կառավարությունում լրագրողների եհտ ճեպազրույցի ժամանակ:
«Ոստիկանությունն այդ մասին համապատասխան տեղեկատվություն ստացել է Ռուսաստանից»,- ասաց Օսիպյանը: Լրագրողի հարցին, թե արդյոք ՌԴ իրավապահների հայտարարությունն այն մասին, որ Հարությունյանի նկատմամբ հետախուզումը Ռուսաստանի տարածքում դադարեցված է, ոչ գործընկերային մոտեցում է այդ երկրի կողմից, ոստիկանապետն ասաց. «Ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է, ես այդ հարցին չեմ պատասխանի»:
«Ինտերֆաքս»-ը, հղում կատարելով իր աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր, որ Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզումը Ռուսաստանի տարածքում չեղարկվել է: Լրատվամիջոցը գրել էր, որ այդ պարագայում Ռուսաստանում Միքայել Հարությունյանին ոչինչ չի սպառնում: Սակայն նա նշել է, որ Հարությունյանը կարող է ձերբակալվել և փոխանցվել Հայաստանին, եթե հայտնվի ԱՊՀ անդամ այլ երկրներում:
Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը մարտի 1-ի գործով ներգրավված է որպես մեղադրյալ. նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում: