«Փաստ» թերթը գրում է.
«Փաստ» օրաթերթի տեղեկություններով, վերջերս Անվտանգության խորհրդի աշխատակազմում կտրուկ բարձրացել են աշխատավարձերը: Դա իրականացվել է այն բանից հետո, երբ հնարավորինս ձերբազատվել են բոլոր «նախկիններից» եւ աշխատակազմը համալրել «յուրայիններով»:
Այն, որ պետական կառույցներում աշխատավարձերը բավական ցածր են, գաղտնիք չէ: Եվ շատ ուրախալի կլիներ, եթե բոլոր գերատեսչություններում դրանք բարձրանային: Սակայն թե ինչու է հենց ԱԽ աշխատակազմում միայն բարձրացել աշխատավարձը, դեռեւս անհայտ է:
Ի դեպ, մեր աղբյուրը նաեւ տեղեկացնում է, որ, ամենայն հավանականությամբ, շուտով հրաժարական կներկայացնի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Հարցն այն է, որ ոչ միայն նրանից դժգոհ են հատկապես Ռուսաստանում, այլ, որ առավել կարեւոր է, վարչապետ Նիկոլ Փաշինյանն է զգացել, որ նա չի համապատասխանում այս պաշտոնին:
Մեր տեղեկություններով, վարչապետը փորձում է գտնել աշխարհաքաղաքական հայացքների տեսակետից հնարավորինս չեզոք, ընկալել ի եւ կանխատեսելի գործիչ, ով նաեւ որոշակի փորձառություն ունի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: