Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության գործողությունները միտված են օրենքի առաջ Հայաստանի բոլոր քաղաքացիների հավասարության ապահովմանը:
«Շենգավիթ» բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ գո՞հ է ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության իրականացրած աշխատանքից օլիգարխների թիկնազորներին զինաթափելու մասին հանձնարարականից հետո, ՀՀ վարչապետն ասաց.
«Հայաստանի բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ, և ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության խնդիրը դա ապահովելն է»:
Սեպտեմբերի 11-ին «Իմ քայլը» դաշինքնի հանրահավաքի ժամանակ ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանությանն ու ԱԱԾ-ին հանձնարարեց զինաթափել բոլոր օլիգարխների թիկնապահներին, Հայաստանում կարգուկանոն հաստատել: Նա ԱԱԾ տնօրենին և ոստիկանության պետին երկու ժամ ժամանակ տվեց` արված աշխատանքների մասին իրեն զեկուցելու համար: