Հայաստանում այսուհետև պիտի լինեն միայն ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ։ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը գրել է այս մասին ֆեյսբուքյան իր էջում՝ տեղադրելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության պատրաստած տեսահոլովակը՝ ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների մասին, որով խստացվել են պատիժները ընտրական հանցագործությունների համար:

«Տեղեկացրեք բոլորին, որ վերջին օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է. ընտրակաշառք ստանալու համար՝ 500.000-700.000 դրամ տուգանք կամ 1-3 տարի ազատազրկում, ընտրակաշառք տալու համար՝ 2.500.000-3.000.000 դրամ կամ 2-6 տարի ազատազրկում, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար՝ 2-6 տարի ազատազրկում, ընտրությունների արդյունքները կեղծելու համար՝ 2-8 տարի ազատազրկում»,-նշել է փոխվարչապետը գրառման մեջ՝ հավելելով, որ ոստիկանությունը իրավունք ունի օգտագործել օպերատիվ հետախուզական բոլոր օրինական միջոցները (գաղտնալսում, ներքին դիտում) այդ հանցագործությունները բացահայտելու համար։