Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ Սաուդը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակի կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է Սաուդյան Արաբիայի պաշտոնական լրատվական գործակալությանը, Սաուդյան Արաբիայի թագավորը ՀՀ նախագահին առողջություն ու երջանկություն է մաղթել, իսկ հայ ժողովրդին ու Հայաստանի կառավարությանը՝ կայուն առաջընթաց և բարգավաճում:

ՀՀ անկախության տոնի կապակցությամբ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է նաև Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն, նախարարների խորհրդի փոխնախագահ, պաշտպանության նախարար Մոհհամեդ բին Սալման բին Աբդուլազիզ ալ Սաուդը:

Հայաստանի Հանրապետությունը և Սաուդյան Արաբիան դիվանագիտական հարաբերություններ չունեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշեց, որ նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ չունենալու պարագայում երկրների ղեկավարները միմյանց շնորհավորում են՝ ընդգծելով, որ դա նորմալ պրակտիկա է: