«Բոլորս պետք է լծվենք, և մայրաքաղաքը դուրս բերենք այս անմխիթար վիճակից: Երևանը չի հարցնում ոչ մեծ, ոչ փոքր, ոչ ծեր, ոչ մանուկ, ոչ սև, ոչ սպիտակ, այս կամ այն կուսակցության ներկայացուցիչ: Այդ թունավոր օդը շնչում ենք բոլորս, հետևաբար, պետք է լուծվեն Երևանի խնդիրները և պետք է դրան ուղղված գործողություններ կատարենք: Ում իր քվեն հանձնի քաղաքացին՝ մենք կշնորհավորենք և կպահանջենք, որ ծրագրերն իրականացնի: Քաղաքապետը նաև ծառայություններ մատուցող անձ է, իսկ դա հանրային կառավարումն է, քաղաքական կենսագրություն  է ու կամք»,- այս մասին այսօր քվերակելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանի»-ի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը:

Հարցին՝ նախորդ ընտրություններին ավելի ակտիվ էր, գնում էր ընտրատեղամասեր, խախտումներ էր հայտնաբերում, կարո՞ղ ենք եզրակացնել, որ հեղափոխությունից հետո առաջին ընտրություններն իրենց որակով տարբերվում են նախորդներից՝ դրա համար չի ցուցաբերում նման ակտիվություն, Փոստանջյանը պատասխանեց. «Պետք է նշեմ, որ հեղափոխություն դեռ տեղի չի ունեցել, բայց ամենակարևորը՝ գործող իշխանությունը ստանձնել է պարտականությունը՝ անցկացնել արդար, ազատ, թափանցիկ պայմաններում ընտրություններ: Հետևաբար, այս իշխանության քննությունն է, այլ ոչ թե մեր պայքարը ընտրակեղծարարության դեմ, իշխանությունը ստանձնողները հենց դա են պարտավորվել, հետևաբար, մենք սպասում ենք՝ տեսնենք՝ ինչպես են հանձնելու քննությունը, որովհետև իրենց ձեռքեւմ են այն լծակները, որի միջոցով պետք է կանխվեն ընտրակեղծարարություններն ու խախտումները»,- նշեց նա:

 

Փոստանջյանը նշեց՝ երկիրը քանդված վիճակում է և կառավարությունը չի կարողանում իր գործառույթները լիարժեք ի կատար ածել. «Երկիրը երբ քանդված է, բոլորը պետք է վերականգնողական աշխատանքներին մասնակցեն: Այսօր այնպիսի վիճակում է մեր հայրենիքը, որ ազգային ներուժը պետք է ներգրավված լինի այդ գործում»,- ասաց քաղաքապետի թեկնածուն: