ՀՀ վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 19-ին կայացրած որոշմամբ վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի եւ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Ռուբեն Սահակյանի, Արամ Օրբելյանի եւ Հովհաննես Խուդոյանի վճռաբեկ բողոքները՝ օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին որոշման դեմ։

Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի ֆեյսբուքյան էջից:

«Ավելի վաղ տեղեկացրել էինք, օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Ալեքսանդր Ազարյանի, բավարարվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքը' հաշվի առնելով այն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է:

Սակայն ինչպես պաշտպանական կողմն է նշում՝ վերաքննիչ բողոքը ներկայացրել են 4 հիմնավորումներով և դատարանը հաշվի է առել դրանցից միայն մեկը՝ անձեռնմխելիությունը և այդ հիմքով էլ ազատ է արձակել Ռ.Քոչարյանին: Ուստիև այդ հանգամանքով պայմանավորված պաշտպանական կողմը Վճռաբեկ բողոք է ներկայացրել:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորել է հուլիսի 28-ին, նրան մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1» -ի գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ»,-գրված է փաստաբանական էջում: