ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունվեց պատգամավորներ Գևորգ Գորգիսյանի և Հայկ Կոնջոյանի կողմից ներկայացված՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Արդարադատության փոխնախարար Արթուր Հարությունյանը նշեց, որ ըստ նախագծի՝ պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը պետք է արագ տեղեկացնի ԴԱՀԿ ծառայությանը, որ այս հաշիվների վրա արգելանք է դրած, իսկ ԴԱՀԿ-ն արգելանքը հանի այդ հաշիվներից։ Մի հաշիվը թողնի՝ մյուս հաշիվները արգելանքից հանի։
«Չստացվի, որ հայցագնի չափով արգելանք դրված լինի մի քանի հաշիվների վրա, և դրանք էլ մնան արգելանքի տակ և հայցագնի չափից ավելի մեծ գումար արգելանքի տակ լինի»,-ասաց Հարությունյանը։
Արդարդատության փոխնախարարը պատգամավորների կողմից ներկայացված նախագծի վերաբերյալ մի քանի նկատառումներ նշեց. «Պետք է կարգավորումները տարածվեն արտարժույթի վրա, ոչ միայն դրամի վրա։ Հարց է առաջանում՝ ի՞նչ էլ լինում, եթե արգելանք է դրվում և՛ ՀՀ դրամի վրա, և՛ արտարժույթի վրա: Ո՞րը պետք է առաջնահերթ հանվի։ Քննարկման առարկա պետք է լինի օրենքի ուժի մեջ մտնելը, որովհետև ուժի մեջ մտնելու դեպքում պետք է լինում ծրագրային ապահովման մեջ փոփոխություն կատարել, մասնավորապես, ԿԲ-ի և ԴԱՀԿ-ի միջև էլեկտրոնային համակարգի փոփոխություններ պետք է կատարվեն։ Բայց սա հաշվի առնելով՝ կառավարությունը պատրաստակամություն է հայտնում համագործակցել օրենքի նախագծի հեղինակների հետ, համապարփակ լուծումներ մշակել համատեղ»,-ասաց Հովհաննիսյանը։