«Իմ և իմ ընտանիքի դեմ ընդվզումներն սկսել են դեռևս խորհրդային տարիներից, քանի որ թե՛ ես, և թե՛ իմ կինը եղել ենք պետական պաշտոնյա: Ես կուսակցական չեմ և ոչ ոքի չեմ էլ ստիպել գնալ և կուսակցական դառնալ։ Մեզ մոտ կա Մանուկ Մանուկյան անունով քաղաքացի, ով նախկին աշխատավայրում ունենալով խնդիրներ՝ եկել է ինձ մոտ և ես իրեն ասել եմ, որ գնա ու իր խնդիրներն իր աշխատավայրում լուծի, սակայն դրանից հետո նա շանտաժների էր դիմում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը, անդրադառնալով այն թեմային, թե ինչու է իր դեմ մեծացել համայնքի բնակիչների բողոքի ալիքը։

Համայնքապետի խոսքով՝ տեղի ունեցող ակցիաներն անձնական խնդիրներ են միայն, և ինչպես Մանուկ Մանուկյանը, այնպես էլ համայնքից մի շարք այլ մարդիկ՝ ուզում են «տիրել» համայքապետի աթոռին։ 

 

Այն հարցին, թե ինչու մարզպետ Գարիկ Սարգսյանի հորդորի համաձայն՝ համայնքապետը հրաժարական չի տալիս  և նորից չի մասնակցում ընտրություններին, Անդրեասյանը պատասխանեց․ «Ես եթե տեսնեի, որ իմ դեմ դուրս եկած մարդկանց թիվն իրոք մեծ է և իրոք կա այդ անհանդուրժողականությունը, ես հրաժարական կտայի, բայց իմ թիմակիցներն ասում են, որ հրաժարական տալու դեպքում իմ տան պատերին կգրեն «Դավաճան»»։

Անդրեասյանը հայտարարեց նաև, որ Մանուկ Մանուկյանի դեմ դատական հայց է ներկայացնելու զրպարտության համար և հավելեց, որ ստորագրահավաք են կազմակերպել իր հրաժարականի համար, որոնց շարքերում կան նաև անչափահաս երրեխաներ (հավաքվել է 64 ստորագրություն)։

ԼՈՒՐԵՐ.com-ի այն հարցին, թե  բնակիչները բողոքում են՝ համայնքապետը թույլ չի տալիս իրենց երրեխաները հաճախեն մանկապարտեզ, քանի որ պահանջում է հողի հարկերը վճարել, պատասխանեց․«Որևիցե մեկի երեխայի հետ կապված նման բան հնարավոր չէ, մեր ամենամեծ հարստությունը մեր երեխաներն են, և ես  հերքում եմ նրանց ասածները»։

Համայնքապետն, անդրադառնալով իր ունեցվածքին՝ այդպես էլ չկարողացավ մտաբերել, թե որքան հողատարածքներ ունի։

 

Վերջում ԼՈՒՐԵՐ․com-ի այն ճշտող հարցին, թե՝ մարզպետի հետ եղե՞լ են քննարկումներ՝ այս իրավիճակից ելք գտնելու համար, քանի որ Գարիկ Սարգսյանը վերրջերս էլ մարզխորհրդի նիստի ժամանակ հայտարարել էր, որ պետք է հրաժարական տան այն համայնքապետերը, որոնց դեմ ընդվզում է ժողովուրդը, Ռաֆիկ Անդրեասյանը մանրամասնեց․ «Իհարկե, եղել են քննարկումներ, ես երեք անգամ առանձնազրույց եմ ունեցել մարզպետի հետ, սակայն նրան ներկայացրել եմ իրավիճակը և ասել, որ շատ քիչ է իմ հրաժարականը պահանջող մարդկանց թիվը, ու դրա համար ես պաշտոնս չեմ թողնի, ասել եմ որ նման բան չի կարող լինել»։

Ըստ համայնքապետի՝ սա ավելի շատ մարզպետի դեմ ուղղված քայլեր են և ուղղորդվում են նաև այն մարդկանց կողմից, ովքեր ժամանակին ցանկացել են դառնալ մարզպետ։

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայնքի 3 գյուղերի մի խումբ բնակիչներ տևական ժամանակ է՝  բողոքի ակցիա են անցկացնում գյուղապետարանի մոտ՝ պահանջելով համայնքը 19 տարի ղեկավարող Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականը:

Բողոքավորները պնդում են, որ Ռաֆիկ Անդրեասյանը համայնքապետի պաշտոնում բազմաթիվ չարաշահումներ է թույլ տվել: Մասնավորապես, նշում են, որ գյուղապետարանի նախկին շենքն այժմ Անդրեասյանի առանձնատունն է: Իսկ վերջինս պնդում է, որ ամեն ինչ արվել է օրենքի շրջանակում:

Նշենք, որ 5 հազար բնակիչ ունեցող խոշորացված համայնքի բյուջեն կազմում է շուջ 120 մլն դրամ։

Արմինե Միքայելյան