Եվրոպական 10-ից ավելի երկրների սփյուռքահայերի մասնակցությամբ կազմակերպված «Հայաստան-սփյուռք» խորհրդաժողովը նպատակ է դրել հնարավոր բոլոր ուժերը կենտրոնացնել Հայաստանի զարգացման գործում: Հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում այս մասին լրագրողներին հայտնեց Եվրոպայի հայերի համագումարի նախագահ Կարո Հակոբյանը:
«Սեպտեմբերի սկզբին Գերմանիայի Քյոլն քաղաքում կազմակերպեցինք «Հայաստան-սփյուռք» առաջին խորհրդաժողովը, որի խորագիրն էր' «Նոր Հայաստան, նոր սփյուռք»: Եվրոպական 10-ից ավելի երկրներից ներկայացուցիչներ կային: 3 հիմնական հարցերի շուրջ խոսեցին' սփյուռքի տարբեր գաղթօջախների միջև հարաբերությունները, սփյուռք- Հայաստան հարաբերությունները և Հայաստան-ԵՄ հարաբերությունները: Քննարկեցինք' ինչպես տարբեր ոլորտներում կարող ենք օգտակար լինել Հայաստանին»,- ասաց Հակոբյանը:
Հակոբյանի խոսքով' սփյուռքի այս աստիճան ոգևորվածությունը Հայաստանի նկատմամբ առաջացել է հատկապես «Թավշյա հեղափոխություն»-ից հետո:
«Հայաստան-սփյուռք հարաբերությունների որակական փոփոխության համար ստեղծվել են ամենալավ հնարավորությունները: Հայաստանի փոփոխությունները առիթ եղան, որ նաև սփյուռքը արթնանա իր թմբիրից: Սփյուռքի տարբեր գաղթօջախներում այն երիտասարդները, մարդիկ ու գործիչները, որոնք իսկապես մտահոգ են Հայաստանի ու սփյուռքի զարգացմամբ, սկսեցին մտածել Հայաստանի զարգացմանն ուղղված իրենց քայլերի մասին»,- նշեց նա:
«Նոր Հայաստան, նոր սփյուռք» խորհրդաժողովում ընդունած որոշումներն ու քննարկված հարցերը կյանքի կոչելու համար այժմ համապատասխան հանձնաժողովներ են ստեղծվել: