Թուրքիայի իշխանությունները շարունակում են տարբեր շինծու մեղադրանքներով ձերբակալել, ազատազրկման դատապարտել իշխանությունների քաղաքականությունը քննադատող կամ տարբերվող կարծիք ունեցող լրագրողական համայնքի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում է թուրքական artigercek.com-ը:
Միայն 2018թ. սեպտեմբերի ընթացքում դատարանի առջև է կանգնել 110 լրագրող, որոնցից 5-ը դատապարտվել են 21-ական տարվա ազատազրկման:
«Ազատ լրագրողների նախաձեռնության» տվյալների համաձայն՝ ներկայումս թուրքական բանտերում են գտնվում 173 լրագրողներ: Բազմաթիվ լրագրողներ էլ սպասում են իրենց դատական վճիռներին:
Թուրքիայում լրագրողների նկատմամբ ճնշումներն ու նրանց ձերբակալությունները հատկապես մեծ թափ են առել 2016թ. Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած շրջանում:
Ձերբակալված լրագրողները հիմնականում մեղադրվում են ահաբեկչական կազմակերպությունների քարոզ իրականացնելու կամ էլ գյուլենականության շինծու մեղադրանքներով:
Միջազգային հեղինակավոր կազմակերպություններն ու իրավապաշտպանները Թուրքիայի իշխանություններին պարբերաբար կոչ են անում ազատ արձակել ձերբակալված լրագրողներին և դադարեցնել նրանց նկատմամբ իրականացվող հետապնդումները, սակայն ապարդյուն: