Այս օրերին շատ է խոսվում վարչապետ Փաշինյանի հրաժարականի հավանական ռիսկերի մասին: Մասնագետները, սակայն, շարունակում են փնտրել իրավական-սահմանադրական այն լծակները, որոնք թույլ կտան ներկայիս իշխանություններին՝ հասնել արտահերթ ընտրությունների՝ փոքր արյունով, իսկ գուցե նաև առանց որևէ կորստի: Այսպես օրինակ՝ ընտրությունները հնարավոր կդառնան, եթե ԵԼՔ դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված բոլոր թեկնածուները ԿԸՀ ներկայացնեն ինքնաբացարկի դիմումներ և ընտրական ցուցակը մնա դատարկ։ ԱԺ ԵԼՔ խմբակցության բոլոր պատգամավորները վայր են դնում իրենց մանդատները։ 105 պատգամավորից կազմված ԱԺ-ում կմնա 96 պատգամավոր և հնարավոր չի լինի լրացնել թափուր տեղերը։ Այս դեպքում ակնհայտ է Սահմանադրության 89-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը, այն է՝ ԱԺ պատգամավորների թիվը կլինի 101-ից պակաս և ԱԺ-ն Սահմանադրության ուժով կհամարվի չձևավորված։ Այդ դեպքում ՀՀ նախագահը պարտավոր է պահպանել Սահմանադրությունը և նշանակել ԱԺ նոր ընտրություններ։
 
Ստացվում է՝ այս հարցում Փաշինյանի համար առանցքային խաղացողներ են դառնում վաղեմի դաշնակիցներ, իսկ այսօր արդեն սեփական քաղաքական ուղով ընթացող ԵԼՔ-ականները և Արմեն Սարգսյանը, ով պետք է հանրությանը ապացուցի, թե ի վերջո որ համակարգի ներկայացուցիչ է հանդիսանում՝ հի՞ն, թե՞ նոր: Սարգսյանի հարցում թերևս ամեն ինչ հասկանալի է՝ վերջինս չի գնա Փաշինյանի հետ բաց առճակատման այն պարզ պատճառով, որ նման քայլից անխուսափելիորեն տուժելու է իր վարկանիշը և էականորեն նվազելու են հետագայում սեփական քաղաքական բևեռը ձևավորելու շանսերը:
 
Ինչ վերաբերում է ԵԼՔ-ին ապա դեռ մեծ հարց է՝ կգնա՞ դաշինքը նման անձնազոհության՝ հատկապես մի պարագայում, երբ քաղաքական դաշտում ստեծված իրավիճակը հուշում է՝ երբեմնի դաշնակիցների ճամբարում ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում: Մասնավորապես, Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ն չի պատրաստվում սատարել Սասուն Միքայելյանի որդուն, Վանաձորում էլ իշխանությունները ձեռնպահ են մնում քաղաքապետ Ասլանյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսած՝ Էդմոն Մարուքյանի եղբորը աջակցություն ցուցաբերելուց:
 
Այս ամենը հուշում է, որ եթե անգամ ԵԼՔ-ի պատգամավորները որոշեն գնալ վերոնշյալ ճանապարհով, հնարավորություն տալով Փաշինյանին՝ խուսափել անկանխատեսելի հետևանքներ առաջ բերող ռիսկերից՝ ապա դրա դիմաց որոշակի գին է պահանջվելու: Իսկ թե ինչպիսին կլինի այդ գինը՝ դժվար չէ կռահել. ԵԼՔ-ը, ամենայն հավանականությամբ, կցանկանա մոնոպոլիզացնել ողջ ընդդիմադիր դաշտը և վերածվել միակ ընդդիմադիր բևեռի, ապագա խորհրդարանում զբաղեցնելով ԲՀԿ տեղը, այսպիսով դառնալով նույն բուֆերը Փաշինյանի համար, ինչպիսին Սերժ Սարգսյանի համար ժամանակին ԲՀԿ–ն էր…
 
Ս.Խաչատրյան