«Ռեֆորմիստների» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում աջակցություն հայտնել Ազգային ժողովի վաղաժամկետ արձակմանն ու դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն:
«Արմենպրես»-ը ներկայացնում է «Ռեֆորմիստների» կուսակցության հայտարարությունը.
«Հաշվի առնելով երկրում ստեղծված նոր քաղաքական իրավիճակը, առկա ներքաղաքական լարվածությունը, ինչպես նաև հոկտեմբերի 2-ին մեր քաղաքացիների կողմից արտահայտված հրապարակային ցանկությունը՝ Ռեֆորմիստների կուսակցությունը, իր ծրագրային դրույթներում ունենալով կայունության և պետականամետության բարձր սկզբունքներ, կողմ է արտահայտվում Ազգային Ժողովի վաղաժամկետ արձակմանը և դեկտեմբերին Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների անցկացմանը՝ ձգտելով երկրում հաստատել ժողովրդավարական արժեքներով կառավարվող պետական համակարգ:
Ռեֆորմիստների կուսակցությունը միաժամանակ հույս է հայտնում, որ երկրի համար այս բախտորոշ փուլում բոլոր քաղաքական ուժերին կհաջողվի երկխոսության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում անցկացնել Ազգային Ժողովի նոր ընտրություններ և ձևավորել ժողովրդի կամքը արտահայտող նոր խորհրդարան»: